Ռուսաստանի զինվորականները հայտարարել են, թե Malaysia Airlines ընկերության Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող Boeing 777 ուղևորատար օդանավը 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում ոչնչացվել է 1986 թվականին արտադրված «Բուկ» տեսակի հրթիռով:
Այն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ժամանակին տրվել է Խորհրդային Ուկրաինայի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանմանը և ԽՍՀՄ փլուզումից հետո չի վերադարձվել Ռուսաստան:
Արևմտյան փորձագետների փոխանցմամբ, Մոսկվան այսօր հանդես է եկել այդ հայտարարությամբ՝ ցանկանալով կասկածի տակ դնել քննիչների միջազգային խմբի եզրակացությունն այն մասին, որ օդանավը Ռուսաստանից բերված հրթիռով ոչնչացրել են Դոնբասի տարածքում գործող ռուս անջատականները:
«Հրթիռը պատկանել է Ուկրաինայի զինված ուժերին», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրթիռահրետանային գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պարշինը:
Օդանավի կործանման հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 298 մարդ:
Հոլանդացիների ղեկավարած քննիչների միջազգային թիմը հանգել է այն եզրակացության, որ «Բուկ» տեսակի հրթիռը եղել է Ռուսաստանի 53-րդ հակաօդային բրիգադի հաշվեկշռին և Դոնբաս է ուղարկվել օդանավի ոչնչացման նախօրեին, ապա համալիրը վերադարձվել է Ռուսաստան:
Այդ վարկածն արժանահավատ են համարում նաև անկախ լրագրողներն ու փորձագետները, այդ թվում՝ Բրիտանիայում գործող հանրային լրատվությունը հետազոտող Bellingcat խումբը:
Ողբերգությունը հարուցել է միջազգային համայնքի զայրույթը, արևմտյան երկրները Ղրիմի բռնազավթման, օդանավի ոչնչացման և Կիևի արևմտամետ իշխանության դեմ պայքարող անջատականներին ցուցադրած ռազմական ու քաղքական աջակցության կապակցությամբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլին մեկնարկած պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ զոհվել է ավելի քան 10 հազար 300 մարդ: