Այսօր Նիդերլանդներում՝ Սխիպսխոլ ավանում սկսվում է Ուկրաինայի երկնքում մալայզիական ուղևորատար օդանավի կործանման գործով դատավարությունը:
Ամստերդամից Կուալա Լումպուր չվերթն իրականացնող «Բոինգ-777» տեսակի օդանավը վայր են գցել 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի շրջանում, տեղական ժամանակով 16:20-ին: Զոհվել են անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 298 մարդ:
Հարկ է նշել, որ ողբերգությունից վեց տարի հետո մեկնարկող դատավարությունն իրականացնում է Հաագայի դատարանը, սակայն խոսքը ոչ թե այդ քաղաքում գտնվող միջազգային, այլ տեղական դատարանի մասին է:
Ռուսաստանը վետո է սահմանել գործը միջազգային դատարան փոխանցելու առաջարկի վրա:
Ենթադրվում է, որ սա կդառնա միջազգային պրակտիկայում մեր ժամանակաշրջանի ամենախոշոր և կարևոր դատական գործերից մեկը:
Հոլանդիան և ևս մի քանի երկրներ, որոնց քաղաքացիներն են եղել զոհերը, ցանկացել են գործը քննել միջազգային դատարանում, սակայն Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, վետո է դրել և կասեցրել է դրա հնարավորությունը:
Նիդերլանդներն առաջարկել է այդ դեպքում գործը քննել իր օրենքներով, քանի որ MH17 չվերթի զոհերի երկու երրորդը՝ 193 մարդ, Նիդերլանդների քաղաքացիներ են:
Այդպիսով գործը փոխանցվել է Հաագայի դատարան, սակայն լսումները տեղի կունենան ոչ թե Արդարադատության պալատում, այլ Ամստերդամից ոչ հեռու՝ Սխիպսխոլի օդակայանի մոտ գտնվող դատական մեծ համալիրում: Դատը կհեռարձակվի հոլանդերեն և անգլերեն:
Քննիչների խումբը, որի կազմում են Հոլանդիայի, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի փորձագետները, համոզված է, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի ռուսական արտադրության հրթիռով, որն արձակվել է Դոնբասի՝ ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից:
Քննիչները պնդում են, որ հրթիռը Դոնբաս է բերվել Ռուսաստանից՝ Կուրսկի հակաօդային պաշտպանության 53-րդ բրիգադից:
Գլխավոր ամբաստանյալներն են երեք ռուսաստանցիներ՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախկին պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը՝ մականունը «Ստրելկով», գեներալ-մայոր Սերգեյ Դուբինսկին՝ մականունը «Խմուրի», գնդապետ Օլեգ Պուլատովը՝ մականունը «Գյուրզա», և Ուկրաինայի քաղաքացի Լեոնիդ Խարչենկոն՝ մականունը «Կրոտ»:
Ամբաստանյալները, բնականաբար, ներկա չեն դատավարությանը: Դատարանի դահլիճում կլինեն միայն փաստաբանները:
Ռուսաստանը և Դոնբասի անջատականները պնդում են, թե որևէ առնչություն չունեն օդանավը ոչնչացնելու հետ:
Ենթադրվում է, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռի խոցման գործով դատական լսումները կտևեն մինչև այս տարվա աշուն: