Միջազգային քննչական խումբը, որի կազմում են Նիդերլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներն, առաջին անգամ պաշտոնապես հրապարակեց MH17 չվերթն իրականացնող մալայզիական ավիաընկերության «Բոինգի» կործանման մեջ կասկածվող չորս անձանց անունները։ Նրանցից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ըստ քննչական թիմի, օդանավը խոցվել է Ռուսաստանում, Կուրսկում տեղակայված 53-րդ հակաօդային պաշտպանության բրիգադին պատկանող «Բուկ» համակարգից։
Հրապարակված տեղեկության համաձայն, «Բոինգ»-ի կործանման մեջ մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա Սերգեյ Դուբինսկին, ռուսական բանակի օդային ուժերի պահեստի գնդապետ Օլեգ Պուլատովը, Ուկրաինայի քաղաքացի, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հետախուզական բաժնի հրամանատար Լեոնիդ Խարչենկոն և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը։ Նրանց նկատմամբ Նիդերլանդների իշխանությունները քրեական հետապնդում են հայտարարել։
Բացի Խարչենկոյից մնացած երեքը, քննչական խմբի տվյալներով, գտնվում են Ռուսաստանի տարածքում։ Խարչենկոն Ուկրաինայի արևելքում է, այն տարածքում, որը դուրս է Ուկրաինայի իշխանությունների վերահսկողությունից։
Պաշտոնական Մոսկվան այս տեղեկությունը չի ընդունում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մասնավորապես BBC-ին ասել է, թե Մոսկվայի վերաբերմունքը քաջ հայտնի է՝ Ռուսաստանը հնարավորություն չի ունեցել մասնակցելու այս խմբի աշխատանքներին, թեև աղետի հենց առաջին օրվանից հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով։
Հայտնի է, որ անմիջապես «Բուկ»-ի մոտ օդանավը խոցելու պահին եղել է Օլեգ Պուլատովն, ով նաև հայտնի է «Գյուրզա» մականունով։ Նրա անունն առաջին անգամ հրապարակել է բրիտանական Bellingcat-ը։
Պուլատովը Դոնբասում է հայտնվել 2014-ին, նա Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հատուկ ծառայությունների ղեկավարն էր։
Հիշեցնենք՝ «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» կործանվել է Արևելյան Ուկրաինայի տարածքում՝ 2014 թվականի հուլիսի 17-ին։ Կործանված ինքնաթիռում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, բոլորը զոհվել են։
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռն այրվելով ընկել է ցած։ Անցած տարիներին միջազգային փորձագետներից բաղկացած հետաքննող խումբը եզրակացրել էր, որ ինքաթիռը խոցվել է «Բուկ» տիպի հրթիռով: Ինքնաթիռը հրթիռակոծվել է, երբ օդում 10 կիլոմետր բարձրության վրա է եղել:
MH17 չվերթի աղետից հետո Կիևը և Մոսկվան սկսել են մեղադրել միմյանց։ Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ օդանավը ռուսներն են խփել։ Ռուսաստանը և Դոնբասի ռուս անջատականները հերքել են մեղադրանքը և պնդել են, որ օդանավը հրթիռակոծել է կա՛մ Ուկրաինայի օդուժի մարտական ինքնաթիռը, կա՛մ Դոնբասի տարածքում տեղակայված ուկրաինական ստորաբաժանումը։
Դատավարությունն այս գործով նախատեսում են սկսել 2020 թվականի մարտին։