Ռուսաստանը հայտարարում է, որ Ուկրաինային օգնող Արևմտայն տիեզերական արբանյակները կարող են դիտարկել որպես օրինական թիրախներ և հարվածել դրանց։
Նշենք, որ մի շարք կապի արբանյակներ կան, որոնցից ուկրաինական բանակը կարող է օգտվել։ Իլոն Մասկի Starlink արբանյակային ցանցի միջոցով ուկրաինական զորամիավորումները միմյանց միջև կապ են պահպանում, Starlink-ը նաև ինտերնետային կապ է ապահովում ռուսների կողմից օկուպացված շրջաններում։ Maxar, Planet Labs, BlackSky արբանյակները թույլ են տալիս պատերազմական գոտուց պատկերներ, լուսանկարներ ստանալ, որտեղ երևում են զորքերի կուտակումները, տեղաշարժը։
Ուկրաինային օգնող արբանյակներին թիրախ ճանաչելու մասին հայտարարել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետ Կոնստանտին Վորոնցովը։ Նա Ռուսաստանի արտգործնախարարությունում սպառազինությունների չտարածման և վերահսկման դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է։
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմիտեի նիստում Վորոնցովն ասել է․ «Կոլեգաները հավանաբար իրենց հաշիվ չեն տալիս, որ նման գործունեությունը, ըստ էության իրենից ներկայացնում է անուղղակի մասնակցություն զինված հակամարտությանը։ Քվազի-քաղաքացիական ենթակառուցվածքը կարող է օրինական թիրախ լինել պատասխան հարվածի համար»:
Վորոնցովն ասել է, որ խոսքը ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից քաղաքացիական ու կոմերցիոն ենթակառուցվածքների բաղադրիչները զինված հակամարտություններում ներգրավելու մասին է։
Արձագանքելով Ռուսաստանի սպառնալիքին, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնանկ ներկայացուցիչ Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ-ի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում «պատշաճ պատասխան կստանա պատշաճ կերպով»։
«Միացյալ Նահանգները Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի ցանկացած նման հարձակման համար, եթե դա տեղի ունենա»,- ասել է Քըրբին, նշելով, որ իսկապես կան հասանելի ապացույցներ, որ Ռուսաստանը ձգտում է հակաարբանյակային տեխնոլոգիաներ ունենալ։
Ռուսաստանը արբանյակ խոցելու փորձ ունի։ 2021 թվականին ՌԴ-ը խոցել էր սովետական ժամանակներից մնացած «Կոսմոս-1408» հին արբանյակը, որի բեկորները կարող էին սպառնալիքներ առաջացնել Միջազգային տիզերակայանի համար։ Պետդեպարտամենտը Ռուսաստանի այդ գործողությունը վտանգավոր և անպատասխանատու էր համարել։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել էր, որ արբանյակը խոցելու հետևաքնով մեկուկես հազար մեծ ու հարյուր հազարավոր փոքր մասնիկներ էին առաջացել ու Միջազգային տիեզերական կայանում գտնվող տիեզերագնացները կարող էին ընկել այդ բեկորների ամպի տակ։
Ռուսաստանցի մասնագետ Վիտալի Եգորովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հարցազրույցում ասել է, որ այդ բեկորների մի մասը դեռ պտտվում է ուղեծրում։
Արբանյակներին խոցելու սպառնալիքները նա անխոհեմություն է համարել․ «եթե դու սկսում ես հարվածել ուրիշ երկրի արբանյակներին, ընդհանուր առմամբ համաշխարհային տիեզերագնացության մասշտաբի խնդիրներ ես ստեղծում։ Դու վնաս ես հասցնում ոչ միայն նրան, ում ցանկանում ես, այլև ինքդ քեզ ու նաև փչացնում հարաբերությունները միջազգային սակավաթիվ գործընկերների հետ, որ հիմա ունի Ռուսաստանը»։
Եգորովը արբանյակներ ոչնչացնելը տեխնիկապես հնարավոր է համարել, բայց նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան չորս հազար արբանյակ ունի, կան նաև շատ փոքր արբանյակներ, որոնց պարզապես հնարավոր չէ հրթիռներով խոցել։
Ընդհանրապես արբանյակներ խոցելու խոսքերը նա բլեֆ է համարել՝ տեղեկատվական դաշտում Ռուսաստանի վճռականությունն ու տիեզերական հնարավորությունները ցուցադրելու փորձ։