«Ունայն հայտարարություններ չանել պատերազմի ընթացքում»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել է ռազմական և քաղաքացիական պաշտոնյաներին մամուլի հետ քննարկել Զինված ուժերի մարտավարության թեմաները:
Նա իր պահանջը հնչեցրել է Ղրիմի ռազմական օդակայանի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած հուժկու պայթյունների պատճառների և դրանց ուկրաինացիների հնարավոր առնչության մասին շարունակվող քննարկումների համատեքստում:
Արբանյակային լուսանկարները վկայում են Ղրիմի արևմուտքում գտնվող Նովոֆյոդորովկա ավանի Սակիի ռազմական օդակայանի միջադեպի հիրավի ավերիչ ծավալի մասին: Ոչնչացվել է առնվազն 8 մարտական ինքնաթիռ: Ոչ պակաս կարևոր է նաև տեղի ունեցածի հոգեբանական ազդեցությունը՝ պայթյունները խուճապ են առաջացրել Ղրիմի բնակիչների և թերակղզի ամառային հանգստի համար ժամանած մարդկանց շրջանում:
Նրանք ըմբռնել են, որ անպարտելի բանակի և անխոցելի պաշտպանության մասին Կրեմլի հավաստիացումները երբեմն կարող են նաև չհամապատասխանել իրականությանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե զինծառայողների անփութության հետևանքով տեղի է ունեցել զինամթերքի դետոնացիա: Մինչդեռ, անանուն ուկրաինացի պաշտոնյաներն ամերիկյան մամուլին փոխանցել են, թե Սակիի օդակայանը գրոհի է ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից:
Այդ կապակցությամբ երկրի ղեկավարն իր գիշերային ավանդական ուղերձում դիմել է պատերազմի թեմաները հանրության և մամուլի հետ քննարկող կենտրոնական և շրջանային իշխանությունների ղեկավարներին ու գերատեսչությունների խոսնակներին:
«Այսօր մի կարևոր բան պետք է ասեմ: Կա ընդհանուր օրենք, ըստ որի պատերազմը հաստատ լավագույն ժամանակը չէ ունայն և ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար: Որքան քիչ մանրամասներ բացահայտեք մեր պաշտպանական ծրագրերի մասին, այնքան լավ կլինի այդ ծրագրերի իրականացման համար»,- հայտարարել է Զելենսկին:
Ռուսները զեկուցում են 157 շրջաններում հարվածներ հասցնելու մասին
Իսկ ռուսները հաղորդում են պատերազմում իրենց հաջող գործողությունների մասին: Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, ռուսական ուժերը Բախմուտի և Ավդեևկայի շրջաններում հարվածներ են հասցրել ուկրաինացիների համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին և հաուբիցներին, ինչպես նաև 14-րդ և 66-րդ մեքենայացված բրիգադների դիրքերին:
«Մեկ օրում ոչնչացվել է կառավարման հինգ կետ, Խարկովի շրջանի Զալիման բնակավայրում 4-րդ տանկային բրիգադինը, Դոնեցկի ժողովրդական հանրապետության Նիկոլաևկայի շրջանի տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադինը, ինչպես նաև 157 շրջաններում մարդուժ, սպառազեն, ռազմական և հատուկ տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսներն ամեն կերպ փորձում են ճեղքել ուկրաինացիների պաշտպանությունը և հարմար դիրքեր գրավել Դոնեցկի շրջանում ու այնտեղից վերսկսել գրոհները Կրամատորսկի և Բախմուտի ուղղությամբ:
Աշխարհին անհանգստացնում է Զապորոժիեի ԱԷԿ-ի ճակատագիրը
Մինչդեռ, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Զապորոժիեի ատոմակայանը: Կողմերը միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում կրակ բացելու համար:
Զապորոժիեի շրջանի ռուսական ռազմա-քաղաքական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովն այսօր ասել է, թե արդեն հայտնի է, որ Նիկոպոլից 152 միլիմետր տրամաչափով թնդանոթներից ԱԷԿ-ին հարվածներ են հասցրել Ուկրաինայի 44-րդ հրետանային բրիգադի զինծառայողները:
Նախագահ Զելենսկին ասել է, թե այն, ինչ տեղի է ունենում՝ «ահաբեկչական պետության կողմից ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է»:
«Ոչ ոք մինչ այդ միջուկային կայանն այսքան բացահայտ չի օգտագործել աշխարհին սպառնալու և նախապայմաններ ներկայացնելու նպատակով: Ակնհայտ է, որ աշխարհը պարտավոր է անհապաղ արձագանքել: Մենք այդ մասին բոլոր մակարդակներում ենք խոսում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մինչև միջպետական կապեր: Հարցը լուծելու համար անհրաժեշտ է ռուսական ուժերի ամբողջական հեռացում ԱԷԿ-ի տարածքից, կայանի հսկողությունը պետք է վերադարձվի Ուկրաինային, միայն այդպես կերաշխավորվի ամբողջ Եվրոպայի միջուկային անվտանգությունը», - հայտարարել է Զելենսկին:
Տեսուչները ցանկանում են այցելել Զապորոժիեի ԱԷԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողություններն ԱԷԿ-ի շրջանում: Ահազանգ է հնչեցրել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը
«Սա լուրջ ժամ է, ծանր ժամ է, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հնարավորինս արագ պետք է ստանա Զապորոժիե առաքելություն ուղարկելու հնարավորություն», - ասել է կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: