Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել՝ երեկ տեղի ունեցած խոշոր պայթյուններից հետո, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։
Պայթյունները տեղի էին ունեցել Նովոֆեդորովկայում տեղակայված ռուսական ռազմակայանում, այսօր արդեն, ըստ Ղրիմի ինքնահռչակ ղեկավար Սերգեյ Աքկսոնովի, հարակից բնակավայրից առնվազն 252 մարդ է տարհանվել, քաղաքի գազամատարակարումը ժամանակավորապես ընդհատվել է։ Տեղական իշխանություններն ասում են, թե քրեական գործ են հարուցել պայթյունների պատճառը պարզելու համար։
Պաշտոնական Կիևը հայտարարում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, մասնավորապես, հայտարարել է, որ բանակն այդ ուղղությամբ չի հարվածել, միաժամանակ չբացառելով, որ պայթյունները կարող էին պարտիզանների գործունեության հետևանք լինել։
Նախագահ Զելենսկու մեկ այլ խորհրդական՝ Ալեքսեյ Արիստովիչն էլ Ղրիմի բնակչությանը կոչ է արել լքել թերակղզին․ - «Այն քաղաքացիները, ովքեր այսօր զանգվածաբար շտապեցին դեպի Ղրիմի կամուրջ, շատ խելամիտ են գործել, քանի որ մնացած բոլոր քաղաքացիները Ղրիմը լքելու համար ստիպված կլինեն շատ ավելի երկար հերթ կանգնել, քան այսօր»։
Ուկրաինայի նախագահն էլ վերստին պնդել է՝ բանակը հաստատակամ է դուրս շպրտել ռուսներին թերակղզուց:
«Ռուսական պատերազմը Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի դեմ սկսվեց Ղրիմից և պետք է ավարտվի Ղրիմով՝ նրա ազատագրմամբ», - հայտարարել է Զելենսկին։
Վերջինս միաժամանակ մեղադրել է Արևմուտքին՝ թերակղզու բռնակցմանը ոչ համարժեք արձագանքելու համար․ - «Աշխարհը սկսում է գիտակցել, որ սխալ է թույլ տվել 2014 թվականին, երբ որոշել էր ողջ ուժով չպատասխանել Ռուսաստանի առաջին ագրեսիվ քայլերին»։
Չստանձնելով կատարվածի պատասխանատվությունը՝ ուկրաինական բանակը միաժամանակ հայտարարում է, թե երեկվա միջադեպի արդյունքում ռուսական ինը ինքնաթիռ է ոչնչացվել։ Ռուսական կողմը, մինչդեռ, այս հայտարարությունները չի հաստատում, ավելին՝ պաշտոնական Մոսկվան պնդում է, թե ռազմակայանի պայթյունները անվտանգության կանոնների խախտման՝ պատահական կրակի հետևանքով են եղել։
Անկախ փորձագետները, մինչդեռ, կասկածելի են որակում այս վարկածը, փաստելով, որ պայթյունները եղել են միաժամանակ՝ երկու տարբեր վայրերում։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները նաև չեն բացառում դիվերսիան կամ հեռահար հրթիռային հարձակումը։
Մոսկվային ձեռնտու չէ այսօր նման հարվածների համար մեղադրել Կիևին, նկատում է քաղաքական հարցերով մեկնաբան Անդրեյ Կոլենսկիկովը: «Այս պատմությունը նման է «Մոսկվա» հածանավի պատմությանը, երբ ռուսական կողմը համառորեն հերքում էր հրթիռի խոցումը, քանի որ Ուկրաինան չի կարող արդյունավետ լինել ռազմական առումով, միայն ռուսական կողմը կարող է տպավորիչ լինել, իսկ ճշգրիտ հարվածները ռուսական կողմի առավելությունն են», - նշել է մեկնաբանը:
Եթե, այդուամենայնիվ, հաստատվի, որ ուկրաինական ուժերն են եղել պայթյունների պատասխանատուն, սա կլինի նմանատիպ առաջին հարձակումը ռուսական ռազմակայանի դեմ անցած ութ տարում՝ Ղրիմի բռնակցումից ի վեր։
Ռուսաստանը շարունակում է հրթիռակոծել Ուկրաինայի տարածքը
Իր հերթին Ռուսաստանը շարունակում է հրթիռակոծել Ուկրաինայի տարածքը, այդ թվում կենտրոնական Դնեպրոպետրովսկի շրջանը, որտեղ 13 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել, ըստ տեղական իշխանությունների։
«Սարսափելի գիշեր էր»,-ասել է շրջանի ղեկավարը, փաստելով, որ փլուզվել են տասնյակ բնակելի շենքեր, երկու դպրոց ու վարչական այլ շինություններ։
Ռուսական ուժերը հարվածել են նաև Դնեպրի ափին գտնվող Նիկոպոլ քաղաքին, ըստ ուկրաինական աղբյուրների, Զապարոժիեից, որտեղ գտնվող ատոմակայանը ևս անցել է ռուսների վերահսկողության տակ։
Վերջին շաբաթներին Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում Եվրոպայի ամենամեծ այդ ատոմակայանը թիրախավորելու համար։
Այսօր Մեծ յոթնյակի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ռուսաստանից անմիջապես Ուկրաինային հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ կառույցը:
«Մենք խորապես մտահոգված ենք այն լրջագույն վտանգներով, որոնցով հղի է ուկրաինական այս և այլ միջուկային կառույցների գրավումը ռուսական զինուժի կողմից», - հայտարարել են Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտգործնախարարները, հաելելով՝ սա էականորեն մեծացնում է միջուկային պատահարի վտանգը՝ սպառնալիքներ ստեղծելով Ուկրաինայի բնակչության, հարևան երկրների ու միջազգային հանրության համար։