Մատչելիության հղումներ

Ըստ բրիտանական հետախուզության` Ուկրաինայում ռուսների հարձակումն էապես դանդաղել է


Ուկրաինայի բանակի MT-12 տեսակի թնդանոթը, Սոլեդար, 4 օգոստոսի, 2022թ.
Ուկրաինայի բանակի MT-12 տեսակի թնդանոթը, Սոլեդար, 4 օգոստոսի, 2022թ.

«Դոնեցկի շրջանում ռուսներն ընդամենը 3 կիլոմետր են առաջ գնացել»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունն Ուկրաինայի թեմայով այսօր հրապարակած ամփոփագրում նշում է, որ ռուսներն ամրացնում են պաշտպանական դիրքերը հարավային շրջանում և հարձակում կատարում արևելքում գտնվող Դոնեցկի շրջանում:

Սակայն անցած մեկ ամսվա ընթացքում ռուսներն ընդամենը 10 կիլոմետր են առաջ շարժվել ուղղությամբ, որն իրենք ամենահաջողն են համարում: Իսկ Դոնեցկի շրջանում ռուսներն առավելագույնը երեք կիլոմետր են առաջ գնացել:

Բրիտանացիները նշում են, որ առաջխաղացման այդ տեմպը հաստատ ավելի դանդաղ է նախապես ակնկալվածից:

Ռուսներն արգելված հակահետևակային ականներ են օգտագործում

«Չնայած այդ շրջաններում ծանր հրետանու ակտիվ կիրառման, ռուսները չեն կարողացել ռազմադաշտ բերել բավարար քանակությամբ մարտունակ հետևակ՝ ավելի էական առաջխաղացումներ ապահովելու համար»,- ասվում է ամփոփագրում:

Ռուսներն այդ շրջանում օգտագործում են նաև հակահետևակային ականներ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով, քանի որ վտանգում են ոչ միայն զինծառայողների, այլև քաղաքացիական բնակչության կյանքը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսները շարունակում են հարձակումը Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ: Ռուսական օդուժը և հրետանին հարվածներ են հասցնում ուկրաինական դիրքերին և փորձում են առաջնագծից դուրս մղել ուկրաինական ստորաբաժանումները:

Կողմերը միմյանց մեղադրում են միջուկային ահաբեկչության համար

Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է Զապորոժիեի ատոմակայանը, քանի որ այն հայտնվել է մարտական գործողությունների էպիկենտրոնում:

Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում ատոմակայանի ուղղությամբ կրակ բացելու համար, ասելով, թե այդ հարվածները կարող են միջուկային աղետ առաջացնել:

Իր գիշերային տեսաուղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևն ամբողջ աշխարհին տեղեկացնում է ռուսների միջուկային շանտաժի, այն է՝ Զապորոժիեի ատոմակայանը թիրախավորելու մասին: Նախագահի համոզմամբ, հարկ է արագ արձագանքել:

«Ռուսաստանն անտեսում է մտահոգությունների մասին խոսքերը, պետք են նոր սանկցիաներ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ, աշխարհը չպետք է մոռանա Չերնոբիլի մասին, այնտեղ մեկ ռեակտոր է պայթել, իսկ Զապորոժիեում Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որն ունի վեց ռեակտոր»,- ասել է Զելենսկին:

Ռուսներն էլ, իրենց հերթին, ուկրաինացիներին են մեղադրում ատոմակայանի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե օգոստոսի 7-ին «Զելենսկու ռեժիմը միջուկային ահաբեկչության նոր գործողություն է կատարել»: Նրա փոխանցմամբ, ուկրաինացիները Մարգանեց բնակավայրից հարվածներ են հասցրել Զապորոժիեի ատոմակայանի էլեկտրամատակարարման համակարգերին:

«Դա արվել է Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հումանիտար աղետ առաջացնելու նպատակով, հարվածների հետևանքով վնասվել է բարձրավոլտ էլեկտրացանցը, որով հոսանքը հասնում է այդ շրջաններ»,- ասել է Կոնաշենկովը:

Ուկրաինան առաջարկում է ատոմակայանը հռչակել ապառազմականացված գոտի

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Եվհենի Ցիմբալյուկն ասել է, թե անհրաժեշտ է ատոմակայանի տարածքը հռչակել ապառազմականացված գոտի և այդպես կանխել հնարավոր աղետը:

Ատոմակայանը գտնվում է ռուսների հսկողության տակ, սակայն այնտեղ աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են: Ռուսների կողմից նշանակված տեղական վարչակազմի ղեկավարը երեկ ասել է, թե ատոմակայանը բնականոն ռեժիմով է աշխատում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG