Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան

Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ պիտի աշխատեն այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

Սրացմամբ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել 2020-ի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և խուսափել արձանագրված իրողությունների ամրագրումից՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք, հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ այս երեք ինստիտուների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։

«Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ հակառակ պարագայում Հայաստանը պետք է դիմի միջազգային մեխանիզմների գործարկմանը, որպեսզի դրանցով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։

«Եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել

Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, ասաց գործադիրի ղեկավարը՝ այն ևս համարելով եռակողմ հայտարարության կոպիտ խախտում։

«Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են», - ասաց վարչապետը։

Վկայակոչելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ «կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», գործադիրի ղեկավարը վերահաստատեց՝ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և հայկական կողմը մի քանի անգամ առաջարկել է և հիմա էլ առաջարկում է հաստատել եռակողմ ֆորմատով պլան։

«Խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին է, որը եռակողմ գործընթաց է, բարդ գործընթաց է, մեզ նման պլանի նախագիծ չի էլ ներկայացվել», - ասաց վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի պահանջին զուգահեռ հայկական կողմը շինտեխնիկա է տարել Կոռնիձոր` նոր ճանապարհի համար Շփման գծի լարվածության այս ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Երեկ Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։

Բաքվի պահանջին ավելի ուշ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան նանդրադարձավ՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

Գրիգորյանը նաև նշեց, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱԽ քարտուղարի, Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ

«ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»

Ադրադառնալով Բաքվի մեկ այլ շահարկմանը, թե Հայաստանը դուրս չի բերել իր զինված ուժերն Արցախից՝ գործադիրի ղեկավարն այսօր վստահեցրեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։

Արցախում Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ վկայակոչելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

«Խիստ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»

Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը, խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, պարզապես անընդունելի են, այսօր ասաց վարչապետը՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի, հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման որոշում. Մուրադով

Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ ՀՀ-ՌԴ ստորագրությնները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, հակառակ դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Վկայակոչելով եռակողմ հայտարարության 3-րդ կետը՝ Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են խաղաղապահ ուժերը։

«Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի խաղաղապահ խմբի կողմից իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ադրբեջանի նախագահի մեկ այլ դժգոհությանը, թե ինչու են Պաշտպանության բանակի զինվորները տեղակայված շփման գծի երկայնքով, Փաշինյանն այսպես արձագանքեց՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, Պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։

«Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - ասաց գործադիրի ղեկավարը։