Մատչելիության հղումներ

Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել


Բաքուն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջել է Արցախ - Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի գրասենյակը։

Հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև Արցախի քաղաքական ուժերը։

Օրակարգային հարցերից է եղել հենց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի հարցը։ Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհը իր կողմում արդեն կառուցել է, հայկական կողմը շինարարությունը դեռ նոր պետք է սկսի։

Ըստ հաղորդագրության` նիստում քննարկվել են այս իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Թե ինչպես է արձագանքում պաշտոնական Ստեփանակերտը ադրբեջանական կողմի այս պահանջին, հաղորդագրությունը չի հստակեցնում։ Չի նշվում նաև, թե Բաքուն ինչ ժամկետներում է պահանջում Արցախ - Հայաստան երթևեկությունը նոր երթուղի տեղափոխել։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս հարցի վերաբերյալ ներկայումս բանակցություններ են ընթանում, այլ մեկնաբանություններ չունի այս պահին:

Հաղորդվում է, որ ԱԽ նիստում քննարկվել է նաև շփման գծում ստեղծված իրավիճակը:

Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հայտնել է, որ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել: Նրա փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին, մարդկային ու դիրքային կորուստներ չկան:

Իրավիճակը երեկ առավոտվանից էր լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է։ Բաքուն հերքել էր այս լուրերը: Երեկվա լարվածության հետևանքով կա մեկ վիրավոր, նրա առողջական վիճակը բավարար է:

XS
SM
MD
LG