Մատչելիության հղումներ

Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք


Պաշտոնական վերջին տվյալներով՝ այսօր առավոտից սկսված բախումների հետևանքով հայկական կողմը երկու զոհ, 14 վիրավոր ունի։ Օրվա վերջում տարածվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը, որ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել։

Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Զոհված զինծառայողները պայմանագրայիններ էին՝ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Թե որ ուղղությամբ կամ ուղղություններով է եղել հրադադարի խախտումը, պաշտոնապես չի հստակեցվում։

Հաղորդվում է նաև, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ, ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

Իր հերթին, Բաքուն այսօր առավոտյան հաղորդել էր, թե առավոտյան հայկական կողմն է ինտենսիվ գնդակոծել Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումները, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Բաքուն Երևանին կրկին մեղադրել էր եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ. «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։

Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել։

«Ադրբեջանի տարածքում գտնվող ապօրինի զինված խմբավորումները, խախտելով նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները ահաբեկչական սադրանք են իրականացրել, որի հետևանքով ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել»։ Ի պատասխան, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, ադրբեջանական զորամիավորումները «Հատուցում» (վրեժ) գործողություն են իրականացրել։

Արցախում իրավիճակը լարված է երկուշաբթի օրվանից։ Շփման գծի լարվածության այս ֆոնին` երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ինչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Այսօր Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն «Ազատությանը» հայտնեց, որ ավելի ուշ կմեկնաբանեն։

Այսօր Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր անդրադարձել։ Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

Հայաստանցի պաշտոնյան վկայակոչելել է 2020-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցերը։ Արմեն Գրիգորյանը նշել է. «Կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

Գրիգորյանը շեշտել է՝ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի, թեև, ըստ Հայաստանի Անվտանգության քարտուղարի` այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է։

«Համենայն դեպս, Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ նշելով, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ:

«Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

XS
SM
MD
LG