Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում նկատվում է իրավիճակի սրացում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը՝ հավելելով, որ Սարիբաբա բարձունքի շրջանում՝ ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Սարիբաբա բարձունքը Եղցահող գյուղի մոտ է, որտեղ այսօր բնակիչները լսել էին կրակոցների ձայները։
Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Այսօր արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայողներ: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Բաքուն էլ այսօր Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։