Լոնդոնում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի ապագա վարչապետի ընտրության առաջին փուլը։
Այս փուլում քվեարկությանը մասնակցում են բացառապես Համայնքների պալատի պահպանողական խմբակցության անդամները, որոնք պետք է կողմնորոշվեն՝ առաջադրված թեկնածուներից որոնք են, որ արժանի են շարունակելու պայքարը՝ սեպտեմբերին երկրի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին փոխարինելու համար։ Այն թեկնածուները, որոնք այսօրվա քվեարկության ընթացքում 30-ից քիչ քվե կստանան, դուրս կմնան պայքարից։
Առաջին փուլում առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը 8-ն է։ Երեկ երեկոյան Պահպանողական կուսակցության ղեկավար մարմինն ազդարարեց, որ հենց այդքան պահպանողական գործիչների է, որ հաջողվել է ստանալ առաջադրման համար անհրաժեշտ առնվազն 20 պատգամավորների աջակցությունը։
Առաջատարները, սակայն, երեքն են։ Առավել մեծ թվով պահպանողական օրենսդիրների աջակցության է արժանացել ֆինանսների նախկին նախարար, հնդկական ծագում ունեցող առաջին սերնդի ներգաղթյալների զավակ Ռիշի Սունակը։
«Իմ ուղերձը կուսակցությանն ու երկրին շատ պարզ է։ Ես այնպիսի մի ծրագիր ունեմ, որը հնարավորություն կտա մեր տնտեսությանը հաղթահարել առկա դժվարությունները։ Մենք պետք է վերադառնանք ավանդական պահպանողական տնտեսական արժեքներին։ Դա նշանակում է ազնվություն և պատասխանատվություն, այլ ոչ թե հեքիաթներ», - հայտարարում է Սունակը։
Բրիտանական մամուլի պնդմամբ, Սունակի ամենաուժեղ կողմը կուսակցության մի շարք ազդեցիկ գործիչների, այդ թվում՝ փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի աջակցությունն է։
«Մեզ այնպիսի առաջնորդ է հարկավոր, որ կկարողանա հաղթել։ Բոլոր հարցումները վկայում են, որ միայն Ռիշին է, որ կարող է հաղթել լեյբորիստներին, միայն նա է, որ կարող է ստանալ և՛ «Բրեքզիթի» կողմնակիցների, և՛ դրան ընդդիմացող ընտրողների աջակցությունը, միայն Ռիշին է, որ կարող է հաղթել երկրի թե՛ հարավում, և՛ թե հյուսիսում», -հայտարարում էր Դոմինիկ Ռաաբը։
Պաշտոնից հեռացող Բորիս Ջոնսնոնի կողմնակիցները միավորվել են արտգործնախարար Լիզ Թրասի շուրջ։ Պահպանողականների այս մի խմբի համար առավել կարևոր է Ջոնսոնի քաղաքական ժառանգության պահպանումը։ Խոսքը նախևառաջ Ուկրաինային ցուցաբերվող անվերապահ աջակցությունն է ինչպես նաև Լոնդոնի և ԵՄ միջև Հյուսիսային Իռլանդիայի խնդրով ստորագրված հատուկ արձանագրության մի շարք դրույթների վերանայումը։
Բորիս Ջոնսոնը, գոնե այս փուլում, դեռ չի շտապում իր աջակցությունը հայտնել արտգործնախարարին՝ գերադասելով որոշակի հեռավորություն պահպանել նոր մեկնարկող ներկուսակցական ընտարշավից։
«Պայքարը շարունակվում է, և պետք է նոր առաջնորդ ընտրվի։ Ես չէի ցանկանա խաթարել որևէ մեկի ընտրվելու շանսերը», - շաբաթասկզբին, իր հրաժարականի հայտարարությունից հետո տված առաջին հարցազրույցում, հայտարարում էր Ջոնսոնը։
Ինչպես և գրեթե ցանկացած ընտրարշավ, այս մեկը ևս զերծ չէ անակնկալ առաջատարների ի հայտ գալուց։ Իր վարչապետական հավակնությունների մասին հայտարարեց և անպասելիորեն զգալի աջակցություն ստացավ նաև լայն հանրությանը ոչ այնքան հայտնի պահպանողական կին գործիչ Փենի Մորդոնտը։
Պահեստազորի սպա և 2019-ին երկուսուկես ամիս պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատած Մորդոնտը, լոնդոնյան թերթերի պնդմամբ, առավել մեծ աջակցություն է վայելում Պահպանողական կուսակցության շարքային անդամների շրջանում։ Դա, ըստ փորձագետների, կմեծացնի նրա հաղթելու շանսերը, եթե Մորդոնտը կարողանա հաղթահարել քվեարկության նախնական փուլերը՝ հասնելով հուլիսի 21-ին մեկնարկող եզրափակիչ փուլին։
Դրա ընթացքում առավել մեծ թվով պահպանողական օրենսդիրների քվեներ ստացած երկու թեկնածուների ճակատագիրը կորոշեն իշխող կուսակցության 160 հազար անդամները՝ փոստային քվեարկության միջոցով։
Ակնկալվում է, որ այդ քվեարկությունը կշարունակվի մի քանի շաբաթ և դրա արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, որն էլ կդառնա Բորիս Ջոնսոնի վարչապետության վերջին օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիայի նոր վարչապետի անունը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին