Կառավարական ճգնաժամը Մեծ Բրիտանիայում խորանում է։ Հինգշաբթի առավոտյան դրությամբ վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականի պահանջին միացած պաշտոնյաների և պատգամավորների թիվը գերազանցել է չորս տասնյակը։
Վաղ առավոտյան Ջոնսոնին շուտափույթ կերպով լիազորությունները վայր դնելու կոչով է դիմել ընդամենը երկու օր առաջ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակված և նրան անվերապահ աջակցություն հայտնած Նադիմ Զահավին։
«Պարոն վարչապետ, ստեղծված կացությունը կայուն չէ և գնալով ավելի է վատթարանալու։ Հանուն Ձեր, հանուն Պահպանողական կուսակցության և ամենակարևորը՝ հանուն երկրի շահերի, դիմում եմ Ձեզ՝ Դուք պետք է ճիշտ քայլ կատարեք և հեռանաք», - գրել է Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարը Բորիս Ջոնսոնին ուղղված պաշտոնական նամակում։