Մատչելիության հղումներ

Կառավարական ճգնաժամ Մեծ Բրիտանիայում


Կարող են արդյո՞ք վարչապետի ստախոսությունն ու նրա հնչեցրած միմյանց տրամագծորեն հակասող հայտարարությունները կառավարական ճգնաժամի պատճառ դառնալ․ երեկ ուշ երեկոյան սկիզբ առած իրադարձությունները վկայում են՝ գոնե Մեծ Բրիտանիայում դա հնարավոր է։

Բորիս Ջոնսոնը հերթական ներքաղաքական սկանդալի կիզակետում հայտնվեց այն բանից հետո, երբ ընդամենը տասը րոպեի տարբերությամբ մեկը մյուսի հետևից հրաժարական ներկայացրեցին բրիտանական կառավարության երկու ազդեցիկ անդամները՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Ազդեցիկ պահպանողականներն իրենց հրաժարականների դիմումներում նշում էին, որ նախևառաջ էթիկական նկատառումներից ելնելով, այլևս չեն կարող մաս կազմել Բորիս Ջոնսոնի կառավարությանը։ Նախարարների նման դեմարշի պատճառը Լոնդոնում ծագած հերթական ներքաղաքական սկանդալն էր։

Անցած շաբաթավերջին լոնդոնյան մի շարք պարբերականները տեղեկացրեցին, որ իշխող կուսակցության ազդեցիկ անդամներից մեկը՝ Համայնքների պալատում պահպանողականների խմբակցության ղեկավարներից Քրիս Փինչերը տարիներ շարունակ սեռական ոտնձգություն է կատարել գործընկեր տղամարդկանց հանդեպ։ Ըստ բրիտանացի լրագրողների, վարչապետ Ջոնսոնը տեղյակ է եղել նրա այդ հակումների, ինչպես նաև Փինչերի դեմ ներկայացված պաշտոնական բողոքներին մասին։ Դա, սակայն, ըստ բրիտանական մամուլի, վարչապետին հետ չի պահել Փինչերին մի շարք պատասխանատու պաշտոններում նշանակելուց, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունում։

Երեք օր շարունակ վարչապետի մամուլի գրասենյակն ու նրա մերձավոր զինակիցները պնդում էին՝ Բորիս Ջոնսոնը իր կուսակցի պահվածքի մասին որևէ տեղեկություն չի ունեցել։ Երեկ երեկոյան սակայն ինքը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ստիպված էր խոստովանել՝ «Փինչերի դեմ ներկայացված առնվազն մեկ պաշտոնական բողոքի մասին իրեն տեղեկացրել էին»։

«Ես համարում եմ, որ [Փինչերին պատասխանատու պաշտոններ վստահելը] սխալ էր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար», - երեքշաբթի երեկոյան BBC-ին տված հարցազրույցում նշում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ արդարանալով, սակայն, թե իր կուսակցի շուրջ սկանդալը բավարար ուշադրության չի արժանացել, քանի որ ինքը «կենտրոնացած էր այլ խնդիրների լուծման վրա»։

Ֆինանսների և առողջապահության նախարարները հրաժարական ներկայացրեցին Բորիս Ջոնսոնի այս հարցազրույցի հեռարձակումից հաշված րոպեներ անց։ Առավոտյան կողմ հայտնի դարձավ, որ նրանց են միացել նաև կրթության նախարարն ու փոխնախարարը, ինչպես նաև Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազի տեղակալը։

Ջոնսոնի համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրեն քննադատողների բանակին են միացել նաև Համայնքների պալատի որոշ անդամներ՝ պատգամավորներ, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ դեմ էին քվեարկել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Պատգամավորների համոզմամբ՝ մեկը մյուսին հաջորդող սկանդալները լիովին խաթարել են Բորիս Ջոնսոնի կառավարության արդյունավետորեն աշխատելու կարողությունը։

Շարքային բրիտանացիներն իրենց գնահատականներում շատ ավելի կտրուկ են։

«Ջոնսոնը պետք է հեռանա, նա վաղուց պետք է հեռացած լիներ։ Բորիս Ջոնսոնը քայլող [քաղաքական] դիակ է», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Մանչեսթերի բնակիչներից մեկը։

Այսօրվա լոնդոնյան թերթերի գլխագրերը նույն միտքն են կրկնում՝ «Բորիս Ջոնսոնը պաշտոնանկության շեմին է»։

Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, հանձնվել չի պատրաստվում։ Ռիշի Սունակի և Սաջիդ Ջավիդի հրաժարականներից հաշված ժամեր անց Միացյալ թագավորությունը ֆինանսների և առողջապահության նոր նախարարներ ուներ։

Ֆինանսների նախարարի պաշտոնը վստահվեց Ջոնսոնի ազդեցիկ թիմակիցներից ևս մեկին՝ Իրաքում ծնված, ծագումով քուրդ Նադիմ Զահավիին։ Բրիտանական որոշ լրատվամիջոցներ, ի դեպ, պնդում են, որ Զահավին երեկ վարչապետին պարզապես ստիպել է իրեն նշանակել ֆինանսների նախարարի պաշտոնում՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում միանալ հրաժարական ներկայացրած գործընկերներին։

XS
SM
MD
LG