Հրաժարական ներկայացրած Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այլևս չի պլանավորում իր հարսանեական արարողությունն անցկացնել վարչապետի մերձքաղաքային պաշտոնական Chequers country residence նստավայրում։
Բորիս Ջոնսոնն ու Քերրի Ջոնսոնը ամուսնացել են անցած տարի կորոնավիրուսի համավարակի պայմաներում՝ շատ համեստ արարողությամբ Լոնդոնի Վեստմինստերյան տաճարում։ Նրանք փոքրիկ տղա ունեն, բայց դեռ հարսանեական հանդիսություն չեն անցկացրել, այն պլանավորել էին հուլիսի 30-ին՝ մերձքաղաքային նստավայրում։
600 հեկտար կալվածք, 10 ննջասենյակ և արվեստի գործերի մեծ հավաքածու ունեցող նստավայրը Բրիտանիայի վարչապետերի կողմից օգտագործվում է սկսած 1920 թվականից։ Սակայն հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց։
Անգլիական Mirror-ը, վկայակոչելով Պահպանողական կուսակցության անանուն աղբյուրները, գրել է, որ մինչ պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը, Ջոնսոնը վարչապետի պաշտոնում է մնում՝ հարսանիքի շքեղ հանդիսությունը Chequers country նստավայրում անցկացնելու համար։
Սակայն, կառավարությունից BBC-ին ասել են, թե ոչինչ 100 տոկոսով ամրագրված չէր և հիմա հարսանիքի համար այլընտրանքային վայր է օգտագործվելու։
Ջոնսոնի առժամանակ պաշտոնում մնալու վերաբերյալ կառավարության ներկայացուցիչը նշել է, որ վարչապետը պարտքի մեծ զգացում ունի և կշարունակի ծառայել երկրին, քանի դեռ նոր առաջնորդը չի նշանակվել։
«Նա պաշտոնում է մնում՝ բացառապես իր պարտականությունները հանրության առաջ կատարելու նպատակով»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։