Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Բաքվում կրկին պնդել է՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի։
«Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հետ կապված հարցեր։ Մինսկի խումբն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը», - ասել է Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղարՄիացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, մինչդեռ, անցած շաբաթավերջին, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում, պնդել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։
«Վաշինգտոնը աջակցում է այդ գործընթացին և կշարունակի աջակցել», - ասել էր Քերըն Դոնֆրիդը, տեղեկացնելով, որ այդ հարցը բարձրացրել է նաև Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի առաջ։
Ռուսաստանի արտգործնախարարը, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե Մինսկի խմբի հարցը Բաքվում ընդհանրապես չի քննարկել, և որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ Դիրքորոշում, որ մինչ այդ նաև Ադրբեջանի նախագահն էր պնդում։
«Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը միաժամանակ պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը զգուշացրել է Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձգձգումների ռիսկերի մասինԱդրբեջանի արտգործնախարարը ևս պնդել է, թե Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը։ Դա, սակայն, չպետք է խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Բայրամովը, սպառնալով, թե «ձեռք բերված պայմանավորվածությունների արհեստական ձգձգումը վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար»։
«2022-ի փետրվարից, հայտնի պատճառներով, Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցությունը կաթվածահար է եղել։ Այդ իրավիճակում ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեզ համար առաջնայինը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու համար։ Այդ գործընթացը չի կարող Մինսկի խմբի գերին դառնալ։ Մենք չենք կարող կողմնորոշվել գոյություն չունեցող ձևաչափով», - ասել է Բայրամովը։
Մինչ այդ, երեկ էլ Ադրբեջանի նախագահն էր Լավրովի հետ հանդիպմանը մեղադրել, թե հայկական կողմը ձգձգում է խաղաղության օրակարգն ու չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագրի մասին Բաքվի առաջարկին», - ասել էր Իլհամ Ալիևը, հավելելով՝ Երևանը իրավական պարտավորություն է ստանձնել ճանապարհ բացել դեպի Նախիջևան, և Բաքուն այս հարցում Մոսկվայից ակտիվ գործողություններ է ակնկալում։
«Հայաստանը հետևողական է խաղաղության հաստատման օրակարգում»
Հայաստանի արտգործնախարարն, «Ազատության» հարցման ի պատասխան, այսօր ընդգծել է՝ «հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ հետևողական է խաղաղության հաստատման օրակարգում»:
«Ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, թե առաջարկել է Բաքվին տարածքային ամբողջականության ճանաչմանը զուգահեռ նաև Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցը քննարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում»․ ՀՀ ԱԳ նախարարԸստ Միրզոյանի, Բաքուն այդ առաջարկին դեռ չի արձագանքել։
Հակառակ Լավրովի և Բայրամովի պնդումներին, թե Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ Արարատ Միրզոյանը պնդել է՝ հայկական կողմը հենց համանախագահ երկրների միջոցով է Ադրբեջանին փոխանցել խաղաղության վերաբերյալ իր առաջարկը։
Անդրադառնալով Ալիևի պնդումներին, թե նոյեմբերի 9-ին համաձայնությունները լիովին կատարված չեն, Միրզոյանն «Ազատությանն» ասել է՝ «այո՛, Բաքուն ինքն է շարունակում պատանդ պահել հայ գերիներին, հայտարարում է, թե Ղարաբաղ ու ղարաբաղյան խնդիր չկա՝ թեև սուբյեկտի գոյությունը հաստատել է՝ իր ստորագրությունը դնելով եռակողմ հայտարարության տակ»։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Խոսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Միրզոյանը պնդել է, թե Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ գործընթացի հաջողությամբ, և որ այն շատ ավելի արագ կզարգանար, «եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ»։
Ի դեպ, երեկ, Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ պաշտոնական հանդիպումներում, միջանցք եզրույթը չի օգտագործել։ Մի բան, որ նա պարբերաբար անում է ներքին լսարանի առջև։
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին կրկնել է՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին ապաշրջափակման հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմն ընդունել է, որ իր պարտավորությունը չի կատարել. նախագահը` Փառուխի միջադեպի մասինԱվելի վաղ՝ անցած ամիս, այցելելով Երևան, Սերգեյ Լավրովը նաև ասել էր, թե ապաշրջափակումը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա, որ այդ հարցում երկիմաստություն չի կարող լինել։
«Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու», - ասել էր Լավրովը։
Ալիևի հետ հանդիպմանը Լավրովը ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում ևս Ռուսաստանը պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երևանին և Բաքվին, ավելին՝ Լավրովի խոսքով՝ կան կոնկրետ առաջարկներ, որոնք նա երեկ «ուրախությամբ» քննարկել է Իլհամ Ալիևի հետ։ Թե ինչ առաջակների մասին է խոսքը, և արդյոք դրանք ներկայացվել են նաև հայկական կողմին, Լավրովը չի հստակեցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը դժգոհում է հայկական կողմից, Լավրովը, սակայն, լավատես է