Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ, Նախիջևանի հետ հաղորդակցության ուղիների բացումը պաշտոնական Երևանի իրավական պարտավորությունն է, որը, սակայն, հայկական կողմը կյանքի կոչել չի շտապում։ Այս մասին Ալիևը հայտարարեց հինգշաբթի երեկոյան Բաքվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում` միաժամանակ դրական գնահատելով երեք երկրների փոխվարչապետերի վերջերս ակտիվացած շփումները։
«Հուսով ենք, որ 2020 թվականի նոյեմբերյան հայտարարության կատարման հարցում գործնական քայլեր ևս կլինեն։ Խոսքը հատկապես հաղորդակցության ուղիների բացման և ադրբեջանական բեռների, Ադրբեջանի քաղաքացիների համար Նախիջևանի հետ անարգել հաղորդակցության ապահովումն է։ Դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է, բայց, ցավոք սրտի, երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից մեկուկես տարի անց էլ, հռչակագրի այդ կետը չի իրագործվել», - հայտարարում էր Ալիևը։
«Խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատելու մեր առաջարկն առայժմ անպատասխան է»
Այսքանով Ադրբեջանի ղեկավարի դժգոհությունները Հայաստանից չէին սահմանափակվում։ Դրանց մյուս չափաբաժինը վերաբերում էր խաղաղ համաձայնագրի կնքման հարցում Երևանի որդեգրած մոտեցումներին։
«Դուք գիտեք մեր տեսակետը, որը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Համոզված եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, հայկական կողմից դրական արձագանքի կարժանանան և երկարամյա հակամարտությանը վերջ կտրվի։ Խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատելու մեր առաջարկն առայժմ անպատասխան է, բայց մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը դրական արձագանքի կարժանանա», - դիմելով ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարին՝ հայտարարում էր Ալիևը։
Լավրովի խոսքում լավատեսական երանգներն ավելի շատ էին
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքում լավատեսական երանգներն ավելի շատ էին։ Խոսքը թե՛ հաղորդակցության ուղիների բացման, թե՛ հայ-ադրբեջանական համապարփակ փաստաթղթի ստորագրման մասին էր։
«Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել», - հայտարարում էր Սերգեյ Լավրովը։
Խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերաբացման հեռանկարների մասին՝ Լավրովը նշում էր, որ այստեղ ևս որոշակի լավատեսության հիմքեր կան։
«Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչև արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով», - հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։
Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը խոսում էր նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ նշելով, որ այս հարցում ևս Ռուսաստանը պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երևանին և Բաքվին։
«Այս առումով կոնկրետ առաջարկներ կան և ես ուրախությամբ դրանք կքննարկեմ ձեզ հետ», - դիմելով Իլհամ Ալիևին՝ նշում էր Ռուսաստանի արտգործնախարարը։