Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի կնքումը շատ հեռու է. Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյան


Խաղաղության պայմանագրի կնքումը բավականին շատ ժամանակ կպահանջի, «Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում հայտարարեց​ Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում խաղաղության պայմանագրի հնարավորությունը:

Օլեսյա Վարդանյան. - Ինձ թվում է՝ մենք այսպես թե այնպես դեռ պետք է խոսենք այդ մասին։ Բայց սա բավականին շատ ժամանակ կպահանջի, և, հետևաբար, կարծում եմ, սխալ է իրարանցում առաջացնել, թե ինչ-որ բան կլինի։ Խաղաղության պայմանագիրը ենթադրելու է որոշ հիմնարար դրույթներ, առաջին հերթին դա Լեռնային Ղարաբաղի ապագան է և տարածաշրջանի ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Սրանք այնքան խոշոր և բարդ հարցեր են, որ, բնականաբար, որոշ ժամանակ կպահանջվի դրանց քննարկման համար: Եվ քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, հավանաբար դժվար է պատկերացնել, որ սա այն հարցն է, որը կշեղի հիմնական մասնակիցների՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների ուշադրությունը, և նրանք մի կողմ թողնելով իրենց առճակատումը՝ հանկարծ սկսեն աշխատել Ղարաբաղում հաշտեցման հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Հավանաբար, որոշ փաստաթղթերի մասով դեռ պետք է սպասել։

«Ազատություն». - Իրատեսակա՞ն է առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ու խաղաղության հասնել, թող ռուսներն այնտեղ մնան։

Վարդանյան. - Դա հենց այն է, ինչ առաջարկում է Ռուսաստանը։ Եթե հիշում եք, 2020-ի դեկտեմբերից Սերգեյ Լավրովը ասում է՝ «եկեք դեռ չանդրադառնանք Լեռնային Ղարաբաղի ամենագլխավոր՝ կարգավիճակին վերաբերող հարցին և հետևենք հրադադարի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»։ Սա առաջին հերթին տրանսպորտային հաղորդակցության վերականգնումն է։ Այստեղ կարելի է ինչ-որ ենթատեքստեր փնտրել, կարդալ տողերի արանքում, բայց իրականում դա միայն Ռուսաստանի դիրքորոշումը չէ։ Արևմտյան երկրներում կան բազմաթիվ որոշումներ կայացնող մարդիկ, որոնք նույն կարծիքին են, այն պարզ պատճառով, որ կարգավիճակի հարցը բարդ է։ Եվ այնքան դժվար է ենթադրել, որ դրա շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, որ գուցե դեռ պետք է փորձել գտնել ինչ-որ այլ շփման կետեր, ինչ-որ հարաբերություններ կառուցել։

Ոմանք օգտագործում են «վստահություն» բառը, ու միայն դրանից հետո անդրադառնալ նման բարդ խնդրին: 30 տարի մենք ապրում էինք մի իրավիճակում, երբ կարգավիճակի հարցը մնում էր չլուծված, և, իհարկե, կարելի է ենթադրել, որ տեսականորեն այս իրավիճակը կարող է շարունակվել։ Խնդիրը, հավանաբար, դեռևս այն է, որ մենք չենք կարող հասնել կայուն ստատուս-քվոյի, որը, ի թիվս այլ բաների, հնարավոր կդարձնի բանակցել, օրինակ, սահմանի կամ որոշ այլ հարցերի շուրջ։ Բայց սա բոլորովին այլ թեմա է, որը, ի թիվս այլ գործոնների, կապված է նաև անվտանգության երաշխիքների հետ։

«Ազատություն». - Մեր նախորդ զրույցում քիչ հավանական համարեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավորությունը, ինչո՞ւ:

Վարդանյան. - Ես երևի մի փոքր այլ կերպ կձևակերպեմ, որպեսզի պարզ լինի: Մի բան է, երբ անկախության հավակնություն ունես, պահանջում ես, որ քեզ ճանաչեն որպես անկախ պետություն, հանրապետություն և այլն։ Մեկ այլ բան, երբ գալիս ես բանակցությունների ու անկախություն պահանջում։ Սրանք երկու տարբեր իրավիճակներ են։ Եթե գալիս ես բանակցությունների և նախապես բարձրացնում անկախության ճանաչման հարցը՝ միաժամանակ գիտակցելով, որ մյուս կողմը դա չի ընդունի, ապա դա նշանակում է, որ դու պարզապես արգելափակում ես բանակցությունները։

«Ազատություն». - Միջազգային հանրության շրջանում տեսնո՞ւմ եք ընկալում, այն ինչ ընդգծում է Երևանը, որ մենք խոսում ենք ոչ թե կարգավիճակի այլ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին:

Վարդանյան. - Ինձ թվում է, որ այստեղ փորձում են անձնավորել դա։ Բայց իրականում, երբ Հայաստանի իշխանությունները թե՛ 2018-ից հետո, թե՛ դրանից առաջ խոսում էին իրենց միջազգային գործընկերների հետ, ստիպված էին անցնել դիմացինի համար հասկանալի բառապաշարին։ Եվ այս բառապաշարը ենթադրում էր հենց այս բաղադրիչները։ Հակառակ դեպքում, ձեզ համար շատ դժվար կլինի բացատրել, թե որտեղից են գալիս ձեր պնդումները, որն է խնդիրը։ Շատ տարիներ են անցել 90-ականների սկզբից, երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, և հաճախ հարց է առաջանում, թե ինչի մասին է խոսքը։

Այսինքն՝ այն հարցը, որը եղել է 90-ականներին, պետք է ինչ-որ կերպ տեղափոխել մեր օրեր, և այս առումով, այնուամենայնիվ, գալիս ենք այն քննարկմանը, թե որն է խնդիրը՝ ինչո՞ւ չեք կարող համաձայնության հասնել։ Այստեղ խոսելու այլ տարբերակ չկա։ Կարևոր չէ, դա ներկայիս, նախկին թե ապագա ղեկավարությունն է: Նրանք բոլորը պետք է խոսեն այն լեզվով, որով խոսում է միջազգային հանրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG