Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը՝ Արցախում բրյուսելյան եռակողմ հանդիպման արձագանքների մասին


Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ» նման կարծիք հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով՝ դրա համար կա ձևավորված միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբ և պետք է առաջնահերթորեն հարցն այս ձևաչափում քննարկվի։

Բեգլարյանի կարծիքով՝ Եվրոպական խորհուրդն այդ ներուժը չունի ու այդ շահերը՝ հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում։

Բեգլարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Բեգլարյան, մի խումբ օգտատերեր ասում են՝ «բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ով, ինչ մտահոգություն ասես հայտնում է»։ Ասում են, որ եռակողմ հանդիպումից հետո նշաձողն էլ ինչպես են իջեցնում։ Կան նաև էսպիսի պնդումներ, որ հենց էսպես է ամրապնդվում նաև բանակցային գործընթացը՝ ողնաշար ստանում։ Ձեր կարծիքով՝ հանդիպումն ինչո՞վ է վնասել, կամ օգնել Արցախին։

Բեգլարյան․ - Իրականում ցանկացած հանդիպում և ցանկացած հայտարարություն պետք է դիտարկել կոնտեքստի մեջ՝ քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում, և շատ կարևոր է կենտեքստը հասկանալ։ Ինքնին Շառլ Միշելի անդրադարձը արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովմանը կարող է դրական ընկալվել, բայց եթե այդտեղ կա տողատակ, ու կա, բնականաբար, ու եթե այդտեղ կոնտեստ կա, այդտեղ կարող է բացասական լինել։

Պետք է հաշվի առնել, որ միշտ նմանատիպ բանակցություններում երկու կողմերն այլ ձևով են մեկնաբանում։ Հիմա՝ բացասական գլխավոր խնդիրն այն էր, կոնտեքստի տեսանկյունից, որ Արցախի էթնիկ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին է խոսվում այն խաղաղության պայմանագրի կոնտեքստում, որը մենք կարող ենք ընկալել, հաշվի առնելով նաև նախընթաց հայտարարությունները հատկապես Եվրոպական խորհրդի կողմից կամ Եվրոպական միության կողմից, որը մենք ընկալում ենք, որ կարող է իրենք նկատի ունեն, գոնե ես էլ եմ այդպես ընկալում, հնարավոր Ադրբեջանի կազմում։ Առավել ևս, երբ նույն նախադասության մեջ Շառլ Միշելը նշում է Ղարաբաղի մասին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, որը Ադրբեջանի տերմինաբանությունն է, քանի որ իրենք ասում են, որ «Լեռնային Ղարաբաղ միավոր չկա», իսկ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ միջազգային գործընկերները նույն ձևով պետք է շարունակեն, ինչպես նախկինում էլ նշել են՝ Լեռնային Ղարաբաղ։

Եթե Շառլ Միշելն ասեր իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հարցը պետք է լուծվի, անվտանգություն ասելով՝ նկատի ունենար նաև կարգավիճակի հարցը պետք է կարգավորվի՝ իրավունքների ու անվտանգության համատեքստում և Լեռնային Ղարաբաղ ասեր, այլ կերպ կընկալվեր։

Հիմա պետք է հասկանանք՝ սա ինչ է նշանակում։ Ամեն դեպքում մեզ համար Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն, որովհետև դրա համար կա ձևավորված միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբ և, մեր կարծիքով, պետք է առաջնահերթորեն այս ձևաչափում լինի, և նաև պրակտիկայում իր արդյունավետությունը ցուցաբերած եռակողմ ձևաչափ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստը և դրան հաջորդող շարունակական գործընթացներն ու պայմանավորվածությունները։

Մենք կարծում ենք, որ իրականում տվյալ դեպքում Եվրոպական խորհրդի լավագույն անելիքը կարող է լինել արցախցիների հումանիտար իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցերը, այո՛, այնքանով, որքանով կարող են աջակցել նաև ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման և ճանաչման հետ կապված հարցերը։ Բայց մենք այդքան էլ իդեալիստ չենք, անձամբ ես, ու ես չեմ կարծում, թե Եվրոպական խորհուրդն այդ ներուժն ունի ու այդ շահերն ունի՝ հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում։

Ստեփանակերտնը, հիշեցնենք, բրյուսելյան վերջին բանակցություններից հետո անընդունելի է համարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումն՝ ընդգծելով՝ դրանք չեն արտահայտում արցախահայության պահանջներն ու ձգտումները։

Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. - «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ, իմ համոզմամբ, անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:

Միշելի այս ձևակերպումներին Ազգային ժողովում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից, ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորորշումները արտահայտել ենք և նոր էլ մեջբերեցի և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա, և մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով», - ասաց գործադիրի ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG