Արցախի իշխանությունները, ի տարբերություն Հայաստանի ղեկավարների, ասում են՝ Արցախը որևէ կարգավիճակում չեն տեսնում Ադրբեջանի կազմում, նկատեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրենք էլ բողոքի գործողություններ են ծրագրում Արցախի իշխանությունների դեմ։
Փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հետ հանդիպումից հետո երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց՝ աշխատելու են նաև Արցախում շարժումը ընդլայնելու համար։
«Եթե Արցախում որևէ իշխանավոր՝ սկսած Արայիկ Հարությունյանից, ինչ-որ տեսլական հայտնի, որտեղ կարող է Արցախը բռնակցելու Ադրբեջանի կազմում, այդ իշխանությունների դեմ միանշանակ բողոքի լայնածավալ ակցիաներ են լինելու: Քանի որ այսօր Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը միաբերան արտասանում են, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա չեն անում Հայաստանի իշխանությունները, հենց դրա համար Հայաստանի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ կան», - ասաց Գալստյանը:
Դաշնակցության, Հանրապետականի, «Հայրենիքի» ներկայացուցիչները երեկ հանդիպել են Արցախի ընդդիմադիր «Դաշնակցություն», «Արդարություն», Ժողովրդավարական կուսակցությունների ղեկավարներին: Այս բոլոր ուժերը ներկայացված են Արցախի խորհրդարանում։ Ըստ տարածված հայտարարության՝ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները, պայմանավորվել աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում` շարժման ընդլայնման ուղղությամբ:
Կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտնի ելույթից հետո Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, թե «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով իջեցնել ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողը»։
Երեկվա հանդիպման մասնակիցներից Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր ձեռնպահ մնաց հայտարարություններից, դաշնակցականների հետ կապ հաստատել չհաջողվեց։
«Մենք պայմանավորվել ենք համատեղ պայքարելու հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի հայկական լինելու: Սա կարելի է դասել այն հանդիպումների շարքին, որից հրաժարվում է Հայաստանի իշխանությունը, այսինքն Ազգային ժողովի մակարդակով չկա երկու խորհրդարանների միջև փոխհամագործակցություն, չկա տարբեր իշխանական թևերի միջև փոխհամագործակցություն», - ասաց Գալստյանը:
Օրերս «Զարթնիր, լաո» պաստառներով իրազեկման երթ ու հանրահավաք անցկացվեց նաև Ստեփանակերտում։ Դա փողոցային պայքար սկսած հայաստանյան ընդդիմության կարգախոսներից է։ «Արդարություն» կուսակցությունից Դավիթ Գալստյանն ասում էր՝ իրենց գործողությունները ընդդեմ չեն, այլ՝ հանուն՝ կողմ են Արցախը հայկական մնալուն, դեմ՝ Ադրբեջանին բռնակցելուն։ Արցախցի պատգամավորի խոսքով՝ էլի գործողություններ կլինեն, բայց չբացեց փակագծերը. - «Մոտ ապագայում հանրությունը կտեսնի ավելի տեսանելի գործողություններ»:
Մինչ հայաստանյան ընդդիմությունը Փաշինյանի կառավարությանն է մեղադրում, թե ուզում են հանձնել Արցախը, իշխող ուժից հակադարձում են, թե ընդդիմությունը օրակարգ չունի, իրականում ուզում են վերադառնալ իշխանության՝ նախկին արատավոր բարքերը հետ բերելու համար։ Իսկ իրենց քայլերով ու հայտարարություններով վնասում են Արցախի կարգավիճակի հարցում հնարավոր առավել բարենպաստ լուծումներին։ Դավիթ Գալստյանn ասում է՝ Արցախում հայաստանյան իշխանությունից հստակ քայլեր են ակնկալում։
«Տեսանելի լինի, որ Հայաստանի իշխանություններն այսօր չեն հանձնում Արցախն Ադրբեջանին, ինչու ձեր գործընկերները դա կարողանում են արտաբերել, երբ որ ասում են՝ Արցախի հարցը փակ է, Արցախն Ադրբեջանի մաս է, ձեր լեզուն պապանձվե՞լ է, որ չեք կարողանում արտաբերել, որ Արցախը հայկական եղել է, կա ու լինելու է», - նշեց պատգամավորը:
Շաբաթներ առաջ Երևանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի նախագահ Հարությունյանը ողջունել էր խաղաղության օրակարգը, բայց և շեշտել՝ ինքնորոշման իրավունքից չեն շեղվելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը վերապահման ու զիջման ենթակա չէ. Արայիկ Հարությունյան