Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ԼՂ հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է որակում


Ազգային ժողովի նախագահն Արցախի ու սահմանագծման հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է համարում: Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարանի միջոցով փորձում են ծանր դրությունից դուրս գալու ելքեր գտնել: Ընդդիմությունն, ըստ իշխող ուժի ներկայացուցչի, այս պահին փակուղային իրավիճակում է։

«Հերթական փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու: Էն, որ Իշխան Սաղաթելյանը ամեն անգամ բեմից ասում է՝ «ես ժամանակ չեմ ասում», հետո ասում է՝ «72 ժամ, 72 ժամը հո հանկարծակի չեմ ասում, օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք», իրանք չեն հասկանում, որ հենց այդ բառերով իրենց մատնում են, որ տուպիկի առաջ են կանգնած», - նշեց Սիմոնյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրել Արցախի ու սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար։ Իշխանությունը, որից կախված է թե՛ նիստի անցկացումը, թե՛ հայտարարության ընդունումը, արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթին։

Ալեն Սիմոնյանն այսօր պնդում էր, թե Արցախի բանակցություններին առնչվող գործընթացն առավելագույնս թափանցիկ է։ ԱԺ նախագահը անհիմն է համարում ընդդիմադիրների մտահոգությունը. «Ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է: Եվ վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի կարծիքը, որը չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա: Եկեք ընդդիմության ասելիքը, այդ խոսքը մեկընդմիշտ ֆիքսենք, որ դա ընդամենը իրենք իրենց համար ստեղծած իրավիճակից դուրս գալու պատրվակ է»:

Մինչդեռ արդեն մեկ ամիս փողոցում պայքար ծավալող ընդդիմությունը համոզված է՝ իշխանությունը ժողովրդի թիկունքում բանակցություններ է ունենում առանց կարմիր գծի: Կասկած չունեն՝ Փաշինյանն արդեն իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը: Հենց դա էր պատճառը, որ սկսեցին իրենց պայքարը:

«Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ դու ժողովրդի ու պետության անունից, երբ որ բանակցություն ես վարում, առնվազն կարմիր գծերը պետք է ֆիքսես: Իրանք վախենում են, վախենում են, որովհետև Ալիևին խոսք են տվել, վախենում են, որովհետև պատերազմից անցել է 1,5 տարի, մենակ ներքին զորքերի ու ոստիկանության թիվն է ավելացել, իսկ բանակի թիվը կրճատվել է», - ընդգծեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:

ԱԺ փոխխոսնակ Սաղաթելյանն ասում է՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները ձևակերպել են այն նվազագույն պահանջները, որոնցով պետք է հանդես գա Հայաստանի ցանկացած իշխանություն, իսկ այս իշխանության ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ մեկ պարզ հայտարարություն չեն անում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ընդդիմադիրները նաև այս պատճառով են ցանկանում, որ Ազգային ժողովը հայտարարությամբ հանդես գա։ Խորհրդարանի նախագահն էլ այսօր խուսափեց նման ձևակերպումից։

«Ես հիմա որևիցե բան ասելով կարող եմ կանխորոշել կամ ազդեցություն ունենալ և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները: Ի՞նչ, էստեղ ինչ-որ լավ վերնագիր կամ լավ լոզունգ տալու համար ես ինչ-որ հայտարարություններ անեմ ու հետագայում դա ազդի՞, ես գտնում են, որ հիմա ես այդ հարցին չպետք է պատասխանեմ», - ասաց Սիմոնյանը:

Իշխանությունն այլևս ասելիք չունի, Իշխան Սաղաթելյանն էլ համարում է, որ իշխանականներն են փակուղում հայտնվել ու իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում։ «Բառացի եմ ես էս ամեն ինչը ձևակերպում, որ պարզ լինի նաև շարքային, պարզ քաղաքացիների համար: Էս է իրականությունը, մնացածը լոլոներ են», - նշեց Սաղաթելյանը:

Ընդդիմությունն արտահերթ նիստին առաջարկում է, հայտարարություն անել ու բացառել՝ ոչ միայն Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, այլև սահմանազատման գործընթացում Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացում է Ցեղասպանության հարցը հարցականի տակ դնելը։ Ցանկանում են, որ իշխանականներն իրենց հետ միասին ընդունեն, ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումը Ադրբեջանի հետ սահմանագծման համար նախապայման պետք է լինի։ Մինչ այդ իշխանականները խոսում են ընդդիմադիրներին մանդատից զրկելու հնարավորությունից։

«Ես տրամադրված եմ այդ հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին, ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերջնական որոշումը Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրած նիստում խորհուրդն է կայացնում։ Կազմում են ԱԺ նախագահը, փոխխոսնակները, խմբակցությունների ու հանձնաժողովների նախագահները։ Այստեղ իշխող խմբակցությունը մեծամասնություն ունի։ Եթե խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, հարցը չի փակվում. առնվազն 22 պատգամավոր դեռ կարող է հավաքվել ու գործընկերոջ լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։

XS
SM
MD
LG