Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսօր նման հայտարարություն է տարածել Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
«Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից», - ասված է հայտարարությունում։
Գիտությունների ազգային ակադեմիան հայտնում է, որ պատրաստ է Հայաստանի իշխանություններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են «քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար»: