Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հույս ունի, որ «իշխանությունը կգիտակցի պահի լրջությունը և կգա արտահերթ նիստին»


Ընդդիմությունը հույս ունի, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, գիտակցելով պահի լրջությունը, իր որոշումը կփոխի և կգա այսօր հրավիրված արտահեր նիստին։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Խորհրդարանանն այսօր ժամը 16:00-ին, ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ, «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին արտահերթ նիստ է հրավիրել: Իշխանությունը, որից կախված է թե՛ նիստի անցկացումը, թե՛ հայտարարության ընդունումը, արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթին։

Նազարյանը շեշտեց՝ օրակարգը կարևոր է և այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ «Որովհետև վերաբերվում է Արցախին, Արցախի ապագային, իսկ եթե Արցախին ու Արցախի ապագային, ապա նաև Հայաստանին ու Հայաստանի ապագային, որովհետև եկեք մենք մեզ չխաբենք, Արցախի լինել-չլինելու, կարգավիճակի այս կամ այն ձևով լինել-չլինելը, մեծապես ազդելու է և կանխորոշելու է Հայաստանի հետագան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ եթե ի սկզբանե գիտեն, որ նիստի անցկացումը տապալված գործընթաց է, ինչո՞ւ են գնում դրան, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Մենք նախաձեռնել ենք, մենք պետք է գնանք, պարտավոր ենք գնալ, և մինչև վերջին վայրկյանը հույս ունենք, որ, գիտակցելով պահի լրջությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իր որոշումը կփոխի և կգա բաց հանրության առաջ քննարկենք, թե իրենք ինչո՞ւ են մերժում էս օրակարգը, ինչո՞ւ են դեմ»։

Կրկին շետելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Նազարյանն ասաց՝ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, Հայաստանն էլ պետք է պարզ ներկայացնի իր դիրքորոշումը․ - «Մենք էլ պետք է պարզ միջազգային հանրությանը ներկայացնենք՝ «այո՛, մենք բանակցում ենք, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց նաև նախապես ասում ենք, որ էդ կարգավիճակը որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց էր որակել՝ պնդելով, թե իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարանի միջոցով փորձում են ծանր դրությունից դուրս գալու ելքեր գտնել: Ընդդիմությունն, ըստ իշխող ուժի ներկայացուցչի, այս պահին փակուղային իրավիճակում է։

Սիմոնյանը նաև ասել էր, թե հիմա որևիցե բան ասելով կարող է կանխորոշել կամ ազդեցություն ունենալ և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

Ընդդիմությունն արտահերթ նիստին առաջարկում է, հայտարարություն անել ու բացառել՝ ոչ միայն Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, այլև սահմանազատման գործընթացում Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ Ցեղասպանության հարցը հարցականի տակ դնելը։ Ցանկանում են, որ իշխանականներն իրենց հետ միասին ընդունեն՝ ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումը Ադրբեջանի հետ սահմանագծման համար նախապայման պետք է լինի։

Գեղամ Նազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG