Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների հարցով Սիմոնյանը «տրամադրված է դիմելու ԱԺ խորհրդին»


Ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների հարցով Ազգային ժողովի նախագահը տրամադրված է դիմելու ԱԺ խորհրդին։ Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ ընդհանուր առմամբ որոշում չկա։

«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադվածության մասին, և կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առավել ևս որ կոնկրետ նշված պատգամավորները, որը մամուլում տեղ էր գտել, արդեն վաղուց անցել են թույլատրելի սահմանը», - ասաց ԱԺ խոսնակը։

Սիմոնյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ խոսքը 13 ընդդիմադիրների մասին է, որ բացակայել են ավելի շատ, քան թույլատրելի է։ Ցուցակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, «Հայաստան»-ից Արմեն Չարչյանի, Գեղամ Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի անուններն են նաև։

Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարել էր, որ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն մեկ ամիս է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG