Թբիլիսիի և Կիևի հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ դրա կիզակետում է Վրաստանի ամենահարուստ գործարարը՝ միլիարդատեր, նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը կոչ է անում Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմԱղմկալի պատմությունը սկիզբ առավ երկուշաբթի օրը, երբ Ուկրաինայի խորհրդարանում նախագահ Զելենսկու կողմնակիցներին միավորող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարեց, թե պատրաստվում է դիմել Միացյալ Նահանգների և ԵՄ ղեկավարությանը՝ կոչ անելով նրանց անհատական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ։
«Իվանիշվիլին վերածվել է վրացական Յանուկովիչի։ Վրացական իշխանությունները քաղաքականության էությունը Կրեմլից արձակված հրահանգների կատարումն է, և պատժամիջոցները շրջանցելու հարցում Մոսկվային օգնություն ցուցաբերելու փորձեր ձեռնարկելը», - Telegram-ի իր ալիքում գրել էր Արախամիան։
Քիչ անց նա նաև մի ձայնագրություն էր տարածել՝ հատված Բիձինա Իվանիշվիլիի և ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ԱՖԿ Սիստեմայի» հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովի գաղտնալսված հեռախոսազրույցից։
Ենթադրաբար մարտին տեղի ունեցած այս զրույցի ընթացքում ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Եվտուշենկովը Բիձինա Իվանիշվիլիին խնդրում է ընդունել Թբիլիսի ժամանող իր տեղակալներից մեկին՝ Ալի Ուզդենովին, պնդելով, որ նրա միջոցով հացահատկի բիզնեսին վերաբերող որոշ առաջարկներ է փոխանցելու։ «Եթե դու մասնակցես այդ գործարքին, ես էլ կմասնակցեմ», - ընդգծում է Եվտուշենկովը։
Հրապարակված երկրորդ հեռախոսազրույցից, սակայն, պարզ է դառնում, որ Իվանիշվիլին Եվտուշենկովի տեղակալի հետ չի հանդիպել՝ նրան ուղարկելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ։ Ղարիբաշվիլին նման հանդիպման փաստը հերքում է։
«Նման հանդիպում չի եղել։ Նախօրեին գործարար Դավիթ Խիդաշելին արդեն իսկ հստակ պարզաբանումներ է ներկայացրել, և ես հարկ չեմ համարում կրկնել դրանք։ Կարող եմ միայն ասել, որ Խիդաշելին ինձ էր փոխանցել ռուսական գործարար շրջանակներից արված ինչ-ինչ առաջարկներ, որոնք ես վերահասցեագրել եմ Վրաստանի գործարար շրջանակներին», - պնդում է Ղարիբաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց-ուկրաինական դիվանագիտական սկանդալը գնալով թեժանում էՎրաստանի վարչապետի կողմից հիշատակված Դավիթ Խիդաշելին, գաղտանսլումների հրապարակումից անմիջապես հետո հայտարարել էր, որ խոսքը ռուսաստանցի գործարարների հետ մշակվող մի մեխանիզմի մասին է, որով Վրաստանը, վաճառված գինու դիմաց, կկարողանա ցորեն գնել՝ մի ապրանքատեսակ, որն ուկրաինական պատերազմի ֆոնին շատ շուտով կարող է կտրուկ կերպով թանկանալ և նույնիսկ վերածվել դեֆիցիտի։ Շվեյցարիայում բնակվող Խիդաշելին նաև հերքում է ռուսաստանցի գործարարների և Վրաստանի վարչապետի հանդիպման մասին տեղեկությունները։
Սկանդալի գլխավոր հերոսներից մեկը՝ Վլադիմիր Եվտուշենկովը հակառակն է պնդում։ Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետը Ուզդենովի և նրան ուղեկցող անձանց հետ հանդիպել է։
«Իմ ենթակաները Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ոչ թե քաղաքական, այլ Վրաստանում իրենց հանգիստը կազմակերպելու հարցերն են քննարկել», - վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է ռուսաստանցի միլիարդատերը։
Հակասական այս հայտարարությունները վրացական ընդդիմությանը ևս մեկ առիթ տվեցին հայտարարելու, որ 90-ականներին Մոսկվայում բիզնես ծավալած Իվանիշվիլին ռուսական իշխանական շրջանակների հետ իր կապերը ոչ միայն չի խզել այլև սերտացրել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխանությունը մերժում է խորհրդարանին Զելենսկու ուղերձ կազմակերպելու ընդդիմության առաջարկըՄիխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» ղեկավար անդամներից Լևան Խաբեիշվիլին, օրինակ, պնդում է, թե Եվտուշենկովը շարքային գործարար չէ՝ նա շատ մոտ է Կրեմլի հետ, իսկ նրան պատկանող ընկերությունները ներգրավված են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմում։
«Սա ռուսական ռազմական անօդաչու թռչող այն սարքն է, որն արտադրվում է Եվտուշենկովի ընկերության կողմից։ Այդ մարդն ուղղակիորեն ներքաշված է Ուկրաինայի ժողովրդի սպանդին, սակայն Բորենկան՝ Բիձինա Իվանիշվիլին, նրան քնշքաբար հրավիրում է Վրաստան և խոստանում է աջակցել պատժամիջոցները շրջանցելու գործում», - ռուսական մարտական դրոնի լուսանկարը ձեռքին՝ հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով խորհրդարանի մյուս անդամներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, խորհուրդ է տալիս գաղտանլսումների շուրջ սկանդալը դիտարկել ավելի լայն համատեքստում։ Վրացական կառավարության ղեկավարի համոզմամբ, այս ողջ պատմությունը՝ Թբիլիսիին ուկրաինական պատերազմում որպես կողմ ներքաշելու հերթական փորձերից մեկն է՝ փորձեր, որոնք, ըստ Ղարիբաշվիլիի, սկիզբ են առել դեռ անցած տարվա աշնանը՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի Վրաստան վերադարձով։
«Սաակաշվիլին եկել էր միայն մեկ նպատակով՝ ապակայունացնել իրավիճակը երկրում, հեղափոխություն, զանգվածային սպանություններ կազմակերպել։ Նպատակներից մեկը նաև [Ռուսաստանի դեմ ] երկրորդ ճակատ բացելն էր։ Հստակ տեղեկատվություն կա, որի համաձայն, պատերազմը Ուկրաինայում մեկնարկելու էր նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Սաակաշվիլին հենց այդ նպատակով էր ժամանել Վրաստան, որպեսզի նախապատրաստի այդ երկրորդ ճակատի բացումը։ Ցավոք սրտի, դա հաստատել են նաև մեր ուկրաինացի բարեկամները», - լրագրողների հետ զրույցում նշում էր Վրաստանի վարչապետը։