Մատչելիության հղումներ

Զալկալիանի․ «Վրաց-ուկրաինական հարաբերությունները չեն կարող դառնալ Սաակաշվիլիի պատանդը»


Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հույս ունի, որ երկրի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի և այդ երկրի բարեփոխումների Ազգային խորհրդի գործադիր քարտուղար Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը չի ազդի Կիևի և Թբիլիսիի հարաբերությունների վրա։

«Անթույլատրելի է, որ առանձին վերցված մեկ անձը պատանդի կարգավիճակում պահի վրաց-ուկրաինական ռազմավարական գործակցությունը։ Ես համոզված եմ, որ այդ հարաբերությունները հետագայում ևս աչքի կընկնեն լուրջ դինամիկայով», - հայտարարել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին հայտնի դարձավ նախօրեին։ Շաբաթասկզբին նախկին նախագահը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ին Կիևից կժամանի Թբիլիսի։

Երեկ, սակայն, Սաակաշվիլին սոցիալական ցանցերի միջոցով մի շարք տեսանյութեր հրապարակեց՝ պնդելով, թե արդեն իսկ գաղտնի կերպով մուտք է գործել Վրաստանի տարածք։ Երեկոյան կողմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Սաակաշվիլին ձերբակալվել է։ Վրաստանի վարչապետի այս հայտարարությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը հաղորդեց, որ Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիում գտնվող թիվ 12 քննչական մեկուսարան։

Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի խոսքով՝ նախկին նախագահը բանտում հացադուլ է հայտարարել։

Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013 թվականին՝ նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա՝ թբիլիսցի բանկիր Սերգո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործերով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG