«Առաջիկա երեք տարիներին Վրաստանը կարդիականացնի երկրում գտնվող բոլոր ռազմակայանները», - այսօր Թբիլիսիում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ նպատակով պետական բյուջեից շուրջ 100 միլիոն դոլար է հատկացվելու։
«Երկրի տարածքում գտնվող զորամասերի արդիականացումից, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքների հիմնանորոգումից բացի, առաջիկա տարիներին կկառուցվի ևս մեկ նոր ռազմակայան։ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Մուխրովանիի նախկին բազայի տարածքում աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Դրանք ևս պետք է ավարտին հասցվեն առաջիկա երկու-երեք տարիներին։ Նորակառույց այդ ռազմակայանը համապատասխանելու է բոլոր ժամանակակից չափանիշներին և նախատեսված է լինելու հատուկ նշանակության ստորաբաժանումների համար», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։