Մատչելիության հղումներ

Վրաստանը ցանկանում է հրատապ կարգով դառնալ Եվրամիության անդամի թեկնածու


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Դիմում կներկայացնի նաև Մոլդովան:

Վրաստանը Եվրոպական միությանը դիմել է անդամության թեկնածուի կարգավիճակ անհապաղ ստանալու խնդրանքով:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փաստաթուղթը երեկ ստորագրելուց առաջ խոսել է պահի կարևորության մասին:

«Այս դիմումը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին, փուլ, որով մեր պատմության նոր էջ է բացվում և շարունակվում են ընդհանուր եվրոպական ընտանիքում ընդրգկվելու մեր նախնիների ջանքերը: Վրաստանը եվրոպական պետություն է», - ասել է Ղարիբաշվիլին:

Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին ասել է, որ թեպետ Թբիլիսին մտադիր էր 2024-ին նման դիմում ներկայացնել, իշխանությունները որոշել են դա անհապաղ անել:

Իշխանության այս որոշմանը հավանություն են տվել նաև ընդդիմադիր կուսակցությունների լիդերները: Նրանք առաջարկում են կազմել աշխատանքային համատեղ խումբ եվրոպացի գործընկերների հետ արդյունավետ բանակցելու համար:

Հարցն արտահերթ կարգով մտել է Վրաստանի քաղաքական վերնախավի օրակարգ Ուկրաինայում ընթացող պատերազմի կապակցությամբ:

2009 թվականից Վրաստանը Երամիության ստեղծած Արևելյան գործընկերության ծրագրի անդամներից է և 2014-ին Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր է կնքել:

2017-ից Վրաստանի քաղաքացիները ստացել են առանց վիզաների Շենգենի գոտի մուտք գործելու իրավունք:

Գործընկերության տարիների ընթացքում Վրաստանը համագործակցության պայմանագրեր է կնքել Եվրամիության ոստիկանական ծառայության՝ Եվրոպոլի, և Եվրամիության արդարադատության միացյալ գործակալության հետ:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վրաստանում ենթադրում են, որ ի հայտ է եկել գոյութենական վտանգ, և չեն բացառում, որ միջազգային որոշակի զարգացումների դեպքում նախկին խորհրդային երկրներից որևէ մեկը նույնպես կարող է ռուսների ագրեսիայի զոհը դառնալ:

Թբիլիսիում հուսով են, որ Եվրամիության անդամի կամ առնվազն անդամության թեկնածուի կարգավիճակը երկրին լրացուցիչ պաշտպանություն կտա:

Հարձակման ենթարկվելուց հետո Ուկրաինան անդամի կարգավիճակ անհապաղ ստանալու դիմում է ներկայացրել, սակայն Բրյուսելում չեն ցանկանում բավարարել խնդրանքը:

Մինչդեռ, Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը պնդում են, որ Ուկրաինան արժանի է հենց այս օրերին ստանալ այդպիսի կարգավիճակ:

Մոլդովան նույնպես կներկայացնի անդամության դիմում: Այդ մասին երեկ ասել է նախագահ Մայա Սանդուն:

Դիմումը կհասցեագրվի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, քանի որ Ֆրանսիան է հերթագայության կարգով 2022 թվականի հունվարից կես տարով ստանձնել Եվրոպական միության խորհրդի նախագահությունը:

XS
SM
MD
LG