Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հարազատներն ակնկալում էին գերիների նոր խմբի վերադարձ

Ադրբեջանում պահվող հայ գերիների ծնողները, հարազատները Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից մեկ շաբաթ անց էլ դեռ սպասում են... հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա Բաքվից ու նրանց թվում իրենց տղան, եղբայրը, հարազատը։

Նախադեպը կա՝ փետրվարին Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հեռավար հանդիպումից հետո Երևան էր վերադարձել 8 հայ գերի։

«Բոլոր հանդիպումներից հետո միշտ կա ակնկալիք, որ գերիների նոր խումբ կվերադառնա», - ասում է գերիների հարազատներից մեկը։

Պատերազմից հետո գերեվարված պայմանագրայինի քույրը եղբոր հետ օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ է խոսել։ Ընտանիքի մտահոգությունը բոլոր խոսակցությունների ընթացքում եղբոր առողջությունն է։ Բաքվից ամեն անգամ նույն պատասխանն են ստանում։ Եղբայրը փորձում է ցրել բոլոր կասկածները։

«Իրանք, ճիշտն ասած, շատ պատմելու բան էլ չունեն, չորս պատի մեջ են նստած։ Մենք հարցնում ենք առողջականից։ Առողջականից հարցնելու դեպքում միշտ ասում են՝ լավ ենք, ամեն ինչ լավ ա»։

Անցած շաբաթ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո իշխանությունն էլ է նույն սպասումով։ Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում արգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, թե հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ, սակայն չհստակեցրեց, թե արդյոք այդ բանակցությունները Եվրամիության միջոցով են տեղի ունենում, թե հենց ուղիղ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Օրեր առաջ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, զրույցի ընթացքում կողմերն անդարդարձել էին նաև հումանիտար խնդիրներին։

«Ինչպես և ակնկալելի էր, թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում։ Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Շարունակում են բանակցել դրա շուրջ», - ասաց Միրզոյանը։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նույնպես ակնկալում էր, որ հերթական բարձր մակարդակի հանդիպումից հետո գերիների նոր խումբ է վերադառնալու հայրնեիք։ Սակայն կարծում է, որ Երևանի ու Բաքվի ուղիղ շփումները նվազեցնում են գերիների շուտափույթ վերադարձի հավանականությունը, թուլացնում, կաշկանդում միջազգային հանրության ճնշման հնարավորությունը։ - «Եթե հրապարակային ազդարարվում է, որ կա կառուցողական երկխոսություն, որի առարկան ներառում է նաև հումանիտար խնդիրները, ապա միջազգային հանրության և միջնորդ պետությունների մոտ ձևավորվում է սպասում, որ կառուցողական երկխոսությամբ լուծում կստանան մարդասիրական խնդիրները։ Ուստի բացակայում է այլ միջոցներով միջամտելու անհրաժեշտությունը»։

Սահակյանը մտավախություն ունի, որ նման պարագայում ադրբեջանական կողմը խնդիրը կարող է'լ ավելի ձգձգել. - «Ստացվում է, որ մի կողմից երկխոսություն է տեղի ունենում երկկողմ բանակցություններում, որը դանդաղ է, որտեղ չափից մեծ պահանջներ են ներկայացվում, մյուս կողմից լռեցվում է միջազգային հանրությունը։ Սա կարող է դառնալ լուծման ուղի, բայց անկատնխատեսելի ժամկետներով կարող է ձգձգվել»:

Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանցից մեծ մասն արդեն դատապարտվել են տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Ընդ որում, Ադրբեջանը գերիներին վերադարձնում կամ դատապարտում է առանց որևէ տրամաբանության՝ Խծաբերդից նույն հանգամանքներում գերեվարված 62 պահեստազորայիններից 32-ը վերադարձվել են, 30-ը՝ դատվել։ Սյունիքից, Գեղարքունիքից գերեվարված զինծառայողներից մի մասն էլ վերադարձվել են, մի մասը Բաքվի բանտերում են։

Հայկական կողմի չհաստատված տվյալներով, Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։