«Բաքուն բաց առճակատման մեջ է Մոսկվայի հետ»
Ե՛վ բրյուսելյան վերջին, և՛ 2020 թվականի պատերազմին հաջորդած մյուս հանդիպումներին Բաքուն կարողանում է թելադրել իր օրակարգը՝ հաշվի չառնելով Արևմուտքի ճնշումը կամ Երևանի պահանջները, տեսակետ է հայտնում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Բաքուն բաց առճակատման մեջ է Մոսկվայի հետ, Ադրբեջանը խաղաղապահների և Մոսկվայի համբերությունը փորձարկելու հարցում վտանգավոր սահմանի է հասել, ինչպես նաև չի կատարում միջազգային հանրության և Արևմուտքի սպասումները՝ չիրականացնելով ստանձնած որևէ պարտավորություն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մինչև հրադադարի պահպանում։ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անվստահելի զրուցակից։ Ալիևի կառավարությունը չի իրագործել սպասումները, այդ թվում` պահվող անձանց ու գերիների վերադարձի առումով, հիմա Ադրբեջանն է ուշադրության կենտրոնում», - ասում է Կիրակոսյանը։
Ինչու Հայաստանը չի կարողանում բանակցությունների սեղան տանել սեփական օրակարգը, որի մասին շարունակ հայտարարում էր նաև վերջին՝ բրյուսելյան հանդիպումից առաջ. Կիրակոսյանը կարծում է՝ պատճառները լծակների բացակայությունն է։
«Հայաստանը շատ քիչ լծակներ ունի. Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղության գործընթացի հիմքում նույնիսկ չկա, սա է հետպատերազմյան իրականությունը։ Բայց Երևանը պետք է փորձի դիվանագիտության առումով լինել ավելի ճկուն և նորարար։ Այս համատեքստում վերջին զարգացումներն Ադրբեջանի համար հաղթանակ չէին, բայց Հայաստանի համար էլ հերթական հետքայլն էր», - նկատեց նա։
Մտահոգիչ է, որ ղարաբաղյան հարցի մասին խոսք չկա. քաղաքագետ
«Հետքայլ» Հայաստանի համար, նույն ձևակերպումն է կիրառում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, Հայաստանը շեղվեց իր նախօրոք հայտարարված սկզբունքներից. «Ինձ համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանը փաստորեն հերթական անգամ հրաժարվել է իր նախօրոք հայտարարած երկու դիրքորոշումից, առաջին դիրքորոշումը կապված է դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթացի հետ»:
Ըստ բանակցություններին հաջորդած հայտարարությունների՝ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, սակայն խոսք չկա նախքան դա սահմանային լարվածությունը վերացնելու, ուժ չկիրառելու և զորքերի հետքաշման մասին՝ սկզբունքներ, որոնք ավելի վաղ Երևանը համարել էր պարտադիր։
«Հայկական կողմի մեկ այլ կարևոր բացթողումն այն է, որ արդեն երրորդ հայտարարությունն է, որի մեջ որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին, այդ թվում նաև այս հանդիպման ընթացքում քննարկումներ եղել են, բայց թե ինչու Շառլ Միշելի տարածած վերջնական տեքստում այդ հիշատակումները չկան, անհասկանալի է», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների և Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պիտի դառնա բանակցությունների առարկա», - այսօր կառավարության նիստին բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության հայտնելով, որ հայկական կողմն իր այս սկզբունքից չի հրաժարվում, բայց հստակ չէ Բաքվի և միջնորդների տեսակետն այս հարցում։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ կարգավիճակի հարցը ոչ թե սեղանից վերացված, այլ անորոշ ժամկետով հետաձգված է։
«Կար որոշակիություն մեկ հարցում` Մինսկի խմբի արդեն վերջնական բացակայությունը խաղաղության գործընթացից»
Մեկ հարցում երեկ, սակայն, կար որոշակիություն, նկատում է քաղաքագետը՝ Մինսկի խմբի արդեն վերջնական բացակայությունը խաղաղության գործընթացից, այս նորությունը հատկապես ընդգծվեց ուկրաինական պատերազմից հետո։
«Հիմա մենք սգում ենք այսպես կոչված` ԵԱՀԿ Մինսկի խմբի վախճանը։ Այժմ մեզ հարկավոր է հետպատերազմյան նոր դիվանագիտական գործընթաց, և Եվրամիությունն է քայլ անում դեպի առաջ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որքան էլ որ այն կարևոր էր, վերջին 30 տարում նոր գաղափարներով հանդես չէր գալիս», - շեշտեց քաղաքագետը։
Թեև Հայաստանը, շարունակ հղումներ անելով Մինսկի խմբին, փորձում է փրկել այդ ձևաչափը, այնուամենայնիվ, Կիրակոսյանը չի կարծում, թե դա հնարավոր է։
Նման դիտարկում ունի նաև Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։ Նա AFP-ի հետ զրույցում նշել է՝ Մինսկի խումբն այժմ գործնականում մեռած է։
«Չափազանց կարևոր է, որ ԵՄ-ն ստանձնել է առաջնորդող դերակատարում Բաքվի և Երևանի միջև», - նկատել է Վարդանյանը։
«Կարծում եմ` իրավիճակը սրել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ դժվար է պատկերացնել Ռուսաստանի հանդեպ վարվող այս տոտալ մեկուսացման քաղաքականության պայմաններում, թե ինչպես է աշխատելու գործնականում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մի շարք գործոններ, այո, գումարվել են միմյանց», ընդգծեց Տիգրան Գրիգորյանը։
Մինչ այդ այսօր կառավարության նիստին Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ խաղաղության գործընթացում էական է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներգրավվածությունը, Երևանն էլ շարունակելու է աշխատել այս ուղղությամբ։