Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու քայլերը


Ադրբեջանի արտգործնախարարը, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարարը, արխիվ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Վերջերս Բրյուսելում` Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման համատեքստում, Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու քայլերը, այդ թվում` խաղաղության համաձայնագրի մշակման, սահմանային համատեղ հանձնաժողով ձևավորելու հետ կապված, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Կլաարն ու Բայրամովն անդրադարձել են նաև հումանիտար հարցերին, նշվում է հաղորդագրության մեջ:

Տոյվո Կլաարը տարածել է նախօրեին Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի մասին Բայրամովի թվիթերյան գրառումը և մեկնաբանել․ «Կարևոր զարգացում անցած շաբաթվա Բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներն ու ներգրավվածությունը»։

Ապրիլի 6-ին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիր: Այնուհետև երեկ հեռախոսազրույց էր կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

XS
SM
MD
LG