Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին բանակցություններից հետո Ադրբեջանում նկատում են՝ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի աստիճանական նվազմանը զուգահեռ մեծանում է Եվրամիության ազդեցությունը։
Քաղաքագետ Ազեր Քասըմլըն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Բրյուսելը մեծացնում է ջանքերը Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ Ղարաբաղում ու Հարավային Կովկասում կայունություն է ուզում:
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Արևելյան գործընկերներության ու Եվրոպական խորհրդի անդամ են: Եթե Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժում, նշանակում է` մտադիր է մոտենալ Եվրամիության սահմաններին: Այս իմաստով Հարավային Կովկասը կարևոր է, քանզի ինչ-որ առումով դիտվում որպես անվտանգության գոտի Եվրոպայի համար: Այդ պատճառով Եվրոպայի շահերից է բխում, որ Կովկասում խաղաղություն ու ժողովրդավարություն հաստատվի, այս տարածաշրջանի երկրները ինտեգրվեն եվրոպական ինստիտուտներին: Այս երկրների լիարժեք անվտանգությունը միևնույն ժամանակ Եվրոպայի անվտանգությունն է», - ասում է նա:
Անցած շաբաթ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո հաղորդվեց, որ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Ազատությանն» ասել էր, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, եվրոպացի պաշտոնյան նշել էր. «Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ տեղում, քանի դեռ համատեղ սահմանային հանձնաժողովն իսկապես արդյունքներ չի տվել դելիմիտացիայի և կայուն, անվտանգ իրավիճակ երաշխավորելու ուղղությամբ»:
Եվրոպական խորհրդարանում արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, քաղաքագետ Էլդար Մամեդովի կարծիքով ևս՝ Ռուսաստանին հնարավոր չէ դուրս թողնել այս գործընթացից: Նրա խոսքով` չնայած բրյուսելյան հանդիպումը դրական էր անցել, սակայն միակ իրական արդյունքը սահմանային հանձնաժողովի ստեղծման շուրջ պայմանավորվածությունն է, որը, սակայն, խաղաղության ճանապարհին մեծ առաջընթաց չի նշանակում:
«Պարզ չէ, թե ինչի հիման վրա է իրականացվելու դելիմիտացիան և դեմարկացիան: Եթե նայենք ռուսական կողմի հայտարարություններին, բոլոր քարտեզները միայն Մոսկվայում են: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր առաջ տանել գործընթացը առանց Ռուսաստանի մասնակցության», - հարցնում է նա:
Քաղաքագետ Ազեր Քասըմլիի կարծիքով` Ռուսաստանի դերակատարության հետագա ընթացքը մեծապես կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից: Ասում է՝ որպես պատերազմում հաղթած կողմ՝ Բաքուն պետք է մեծացնի Երևանի հետ ուղիղ շփումը՝ այսպիսով նվազեցնելով Մոսկվայի դերը գործընթացում: