Քոչարյանը դատարանում Փաշինյանին մեղադրում է իրեն զրպարտելու մեջ, վարչապետի փաստաբանը պնդում է՝ անմեղության կանխավարկած չի խախտվել

Երկրորդ նախագահն ընդդեմ վարչապետի գործով դատական նիստին այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ, որոնք, ըստ իրենց, հաստատում են, որ անցած տարի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը զրպարտել է նախկին նախագահին ու խախտել նրա անմեղության կանխավարկածը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոբերտ Քոչարյանը երրորդ հայցն է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

«Ես անհրաժեշտ համարեցի գրավոր ապացույցներ ներկայացնել, որ այդ ժամանակաշրջանում պարոն Քոչարյանը մեղադրվում էր դեռևս 300․1 հոդվածով, և ներկայացնում եմ այդ կապակցությամբ՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը», - ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Զրպարտելու և անմեղության կանխավարկածը խախտելու համար երկրորդ նախագահը պահանջում է 4 միլիոն դրամ՝ երկու միլիոն՝ Հայաստանի Հանրապետությունից, երկուսը՝ վարչապետից։ Բողոքն առնչվում է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների մասին Փաշինյանի գնահատականներին։

Անցած տարի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքի հարթակից վարչապետը հայտարարել էր, որ 2008-ին Հայաստանի իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ, ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքը, անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է՝ կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է», - հայտարարեց Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ

Վարչապետի ներկայացուցիչը դատարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց ավելի ուշ փաստաբան Դավիթ Հունանյանը «Ազատությանը» փոխանցեց իրենց դիրքորոշումը, այն է՝ Փաշինյանը 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ չի խախտել Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և չի զրպարտել նրան, քանի որ իր կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքն է իրացրել:

Թեև Փաշինյանն իր ելույթում նախկին նախագահի անունը չէր տվել, բայց վերջինիս ներկայացուցիչներն ակնհայտ են համարում, որ ելույթը հենց Ռոբերտ Քոչարյանի մասին էր, նա 2008-ի մարտի 1-ին դեռ Հայաստանի նախագահն էր։ Եվ այն փուլում, երբ դատարանը քննում էր սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների գործը, և մեղադրանքը ապացուցված չէր, վարչապետը նման հայտարարություններ էր անում՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով Քոչարյանին, ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։ Փաշինյանի այս հայտարարությունից երկու շաբաթ անց դատարանն արդարացրել էր Քոչարյանին ու մյուսներին։

«Ըստ էության, վարչապետն ասել էր այնպիսի բաներ, որոնք, այսպես ասած, տպավորություն էին ստեղծում, որ այն, ինչ որ քրեական գործով մեղասագրված է պարոն Քոչարյանին, դրանք ամբողջն արդեն հաստատված իրականություն է։ Այդպիսի տպավորություն էր ստեղծվում այդ ելույթից, ապա այդ նույն տեքստը մենք համարեցինք նաև ոչ միայն զրպարտչական, այլ նաև անմեղության կանխավարկածը խախտող»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը Մարտի 1-ի գործով արդարացվեցին

«Ազատության» դիտարկմանը՝ արդյո՞ք վարչապետի արտահայտությունները չեն կարող համարվել գնահատողական, Ալումյանը հակադարձեց. «Ինչքան ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձ է, այնքան ինքն ավելի զգուշավոր պիտի լինի իր գնահատականների մեջ։ Ինչո՞ւ են քաղաքացիների գնահատողական դատողությունները եվրոպական կոնվենցիայով պահպանվում, որովհետև Եվրոպական դատարանը ելնում է այն կանխավարկածից, որ քաղաքացու համար և լրատվամիջոցի համար հեշտ չի, իսկ երբեմն անհնարին է ստուգել այս կամ այն տվյալը, դրա համար իրենք կարող են համադրել առկա լրատվությունը և անել սեփական դատողություններ։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձին, ապա ինքն օժտված է ցանկացած փաստ ճշտելու հնարավորությամբ, լիարժեք հնարավորություններ ունի, հետևաբար իր գնահատողական դատողությունները շատ ավելի զուսպ պետք է լինեն»։

Սա վարչապետի Փաշինյանի դեմ ներկայացված նման միակ հայցը չէ։ Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Փաշինյանի դեմ այժմ շուրջ մեկ տասնյակ հայցեր կան՝ զրպարտության, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու բողոքներով։ Հայցվորները հիմնականում նախկին պաշտոնյաներ են, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այդ հայցերից և ոչ մեկով դեռ ուժի մեջ մտած որոշում չկա, որով վարչապետին պարտադրվել է հերքել իր իսկ խոսքերը։

Your browser doesn’t support HTML5

Քոչարյանը դատարանում Փաշինյանին մեղադրում է իրեն զրպարտելու մեջ, վարչապետի փաստաբանը պնդում է՝ անմեղության կանխավարկած չի խախտվել