Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանի համոզմամբ` իր անձեռնմխելիության հարցով դատարանը պետք է դիմի ՍԴ


Կաշառքի գործով մեղադրյալ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր դատարան էր եկել սեփական կամքով, իրավապահները ստիպված չեղան նրան բերման ենթարկել։ Գևորգյանի մի քանի բացակայություններից հետո դատարանը նրան բացակայության դեպքում բերման ենթարկելու որոշում էր կայացրել։

Ամիսներ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալներին՝ շարունակելով քննել միայն կաշառքի գործը։ Ամբաստանյալի աթոռին են գործարար Սիլվա Համբարձումյանից տարիներ առաջ կաշառք ստանալու գործով մեղադրվող պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ու նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանը։ Վերջինս պատգամավոր դառնալուց հետո առաջին անգամ էր դատարանում որպես մեղադրյալ մասնակցում նիստին։

Բացակայության պատճառը, ըստ Գևորգյանի, Ազգային ժողովի նիստերին մասնակցությունն է, այսօր ևս խորհրդարանում արտահերթ նիստ էր, և Գևորգյանի փոխանցմամբ` այնտեղ պիտի ելույթ ունենար, բայց հարգել է դատարանի որոշումն ու շտապել նիստին։

Արմեն Գևորգյանն ու նրա փաստաբանը դատարանում հայտարարեցին՝ պատգամավորի անձեռնմխելիություն ստանալուց հետո հարցականի տակ է իր դեմ քրեական հետապնդման շարունակությունը։ Եվ հարցին լուծում տալու համար դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան։

«Սահմանադրական դատարանի դիրքորոշումն է կարևոր այն տեսակետից, որպեսզի հասկանանք` արդյոք քրեական հետապնդում եզրույթը, որ օգտագործվում է այս կոնկրետ հոդվածով, ունի խորքային այլ իմաստ, որովհետև երբ որ ժողովուրդը, որը հանդիսանում է այս երկրում իշխանության միակ աղբյուրը` ընտրությունների արդյունքում օժտում է կոնկրետ մարդկանց առաջնային մանդատով` իրեն ներկայացնելու և գործողում է ներկայացուցչական մարմին, այդ պահին գործող բոլոր հանգամանքները հաշվի են առնվում, այդ թվում` հարուցված քրեական հետապնդումները», - ասաց նա:

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ դատական քննության փուլում հասկանալի չէ, թե անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին քրեական հետապնդման ենթարկելու համար որ կառույցը պետք է դիմի խորհրդարան՝ պատգամավորին զրկելու անձեռնմխելիությունից։ Նախաքննության փուլում այս իրավասությունը պատկանում է դատախազին, բայց այս դեպքում օրենքներում կա բաց, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Եվ այդ սուբյեկտի գոյություն ունենալը, այդ սուբյեկտին ասելը, թե կոնկրետ ով է այդ սուբյեկտը, պետք է Սահմանադրական դատարանը այդ հարցին պատասխան տա, ամեն ինչ պարզ է», - նշեց նա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, հիշատակեց կալանքի տակ գտնվող, «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներին՝ պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սիսիանի և Մեղրիի նախկին քաղաքապետերին։ Վկայակոչեց դատախազության մեկնաբանությունն այն մասին, որ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի թեկնածուներին կալանավորելու թույլտվություն է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բայց այս հարցը, ինչպես և Գևորգյանի հարցը բարձր դատարանի լուծման տիրույթում է, պնդեց ամբաստանյալ, նախկին նախագահ Քոչարյանը։

«3-4 հոգով նստած, ուղղակի ես մեկ անգամ պարոն Վարդևանյանին հարցրեցի` ո՞նց կարող ենք հաղթահարել այդ խնդիրը երկու քաղաքապետի հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոշում ոնց որ ասացի, ինքն ասաց` միակ ճանապարհը Սահմանադրական դատարան դիմելն է: Սա է», - նկատեց Քոչարյանը:

Դատախազությունը դեռևս շաբաթներ առաջ է անդրադարձել անձեռնմխելիության այս հարցերին, դատարանում հիշեցրեց մեղադրող դատախազը։ Պետրոս Պետրոսյանը վկայակոչեց Սահմանադրությունը, որով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Բայց դատախազը հիշեցրեց՝ Արմեն Գևորգյանը մեղադրյալ է դարձել տարիներ առաջ և պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերել ավելի ուշ, հետևաբար՝ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա. «Անձը երբ արդեն իսկ գտնվում է քրեական հետապնդման տակ, որպես պատգամավոր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Ազգային ժողովից անձեռնմխելությունը հաղթահարելու ընթացակարգը սպառելու որևէ անհրաժեշտություն չկա»:

Դատարանը որոշեց հետաձգել այս հարցի քննությունը՝ պարզելու՝ արդյոք նույն հարցով բարձր դատարան է դիմել այդ մասին հայտարարող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, թե ոչ։

Վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

Դատարանն այսօր վերացրեց պաշտոնաթող նախագահ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։ Տարիներ առաջ նման որոշում էր կայացրել գործը քննող քննիչը, հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքը կալանքի տակ էր դրվել այն պատճառաբանությամբ, որ այն պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, պարզաբանեց Քոչարյանի պաշտպանը։ Այսօր արդեն դատարանը որոշեց՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ է, նրա որդու գույքի վրա դրված կալանքը պետք է հանել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատական նիստի օր նշանակեց օգոստոսի 24-ը և ընդգծեց՝ Արմեն Գևորգյանի մասնակցությունը նիստին պարտադիր է։

XS
SM
MD
LG