Մատչելիության հղումներ

Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։

Ներկայացված հայցով պահանջ է ներկայացվում հաստատել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Ազատությանը» փոխանցեց` հայցի պատճառն այն է, որ մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ թույլ է տվել արտահայտություն, որը զրպարտում է Քոչարյանին՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը։

«Մի երկարաշունչ ելույթ է, որտեղ խոսվում է, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները ժողովրդի դեմ տանկեր են հանել՝ ժողովրդի վրա կրակելու համար, և դրանից բխող նմանօրինակ տարբեր մտքեր է հնչեցրել: Նաև ասել է, որ դրա համար էլ դատավարությունը ձգձգում են, որպեսզի այդ ամեն ինչը չպարզվի և այլն», - ասաց Քոչարյանի ներկայացուցիչը:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ նաև Հայաստանի Հանրապետության դեմ, Ալումյանը պատասխանեց. «Բացի այն, որ պարոն Փաշինյանը այդ ելույթի ժամանակ զբաղեցնում էր և մինչև հիմա էլ զբաղեցնում է Հանրապետության վարչապետի պաշտոնը, այդ ելույթը հենց այդ նույն արտահայտություններն էլ մեջը տեղադրվել է նաև կառավարության և վարչապետի պաշտոնական էջերում, դրա համար նաև Հայաստանի Հանրապետությանը»:

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 4 մլն դրամի փոխհատուցման պահանջ՝ զրպարտության և անմեղության կանխավարկածի համար։

Սա արդեն երրորդ հայցն է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է վարչապետի դեմ։ Առաջին հայցիցի հրաժարվել են, քանի որ դատարանում պատասխանող կողմը հերքում է ներկայացրել։ Այս պահին երկրորդ հայցը դատավարության փուլում է, իսկ երրորդ հայցն արդեն վարույթ է ընդունվել։ Բոլոր հայցերն էլ զրպարտության համար են՝ ասաց Հայկ Ալումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG