Մատչելիության հղումներ

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում. գլխավոր դատախազի տեղակալ


Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան

«Ազատության» հետ զրույցում Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում՝ միևնույն ժամանակ շարունակելով պնդել, թե արդարացվելուց հետո նախկին նախագահն ու մյուսները Մարտի 1-ի քրական գործի շրջանակներում պետք է պատասխանատվություն կրեն Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Սահմանադրական դատարանը կրկին այս հարցին անդարադառնա։

«Ազատության» հետ զրույցում Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը մանրամասնեց, որ այս կետին հնարավոր կլինի հասնել, եթե Քոչարյանի արդարացման դեմ բողոքը քննող Վերաքննիչ ատյանը բեկանի արդարացման որոշումը և դիմի Բարձր դատարան։

«Ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանի դիրքորոշումները ամրացնում են մեր պնդումները Վերաքննիչ դատարանում ներկայացված։ Բայց ինքը նոր մեղադրանքի հարց չէ, որովհետև այն փաստը, որ Եվրոպական դատարանը ճանաչել է, մեր մեղադրանքում արդեն առկա էր», - ասաց Բաղդասարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ավելի քան 12 տարի քննելով 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ արտակարգ դրության պատճառով չհրատարակված «Հայկական ժամանակ» օրաթերթի դիմումը, օրերս վճռել էր, որ Հայաստանում Եվրոպական կոնվենցիայից շեղումները այդ օրերին արդարացված չեն, այսինքն՝ կառավարության կողմից մարդու իրավունքները սահանափակելու որոշումը անհրաժեշտ չէր։

Մի խումբ փաստաբաններ, վերլուծելով այս վճիռը,, որի հիմքում նախկին նախագահի՝ 2008-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն էր, պնդում էին, թե դա կարող է հանգեցնել Մարտի 1-ի գործով արդեն արդարացված Քոչարյանի դեմ նոր հետապնդումների։

Մեղադրող դատախազի խոսքով, Եվրոպական դատարանի վերջին վճիռը հաստատում է դատախազության պնդումները, որ 13 տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրն ապօրինի էր և որ մայրաքաղաքի կենտրոնում տեղի են ունեցել հանցագործություններ, «որոնք եղել են անօրինական, որոնցով խախտվել են մարդկանց իրավունքները». - «Եվ Վերաքննիչ դատարանում մեր պնդումներն էլ հիմնվում են նրա վրա, որ խախտվել են անձանց իրավունքներ, և էդ մեխանիզմի բացակայությունը փոխելու մեղադրանքը շարունակում է այդ իրավունքների խախտումը։ Հակառակ պաշտպանական կողմի հրապարակային հայտարարություններին, այս դիրքորոշմամբ արձանագրվել է մեր մեղադրանքի մեջ կարմիր գծով անցնող հանգամանքը. այն, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը եղել է անօրինական»։

Եվրոպական դատարանի վճիռը տրամագծորեն հակառակ կերպ է մեկնաբանում նախկին նախագահի պաշտպանական կողմը։ Օրերս փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե Եվրադատարանը արտակարգ դրության մասին հրամանագիրը անօրինական չի ճանաչել։ Ավելին, եթե ստրասբուրգյան դատարանի վճիռը լիներ ավելի վաղ՝ մինչև իր պաշտպանյալի արդարացման որոշումը, ապա իրենք դրանով կջախջախեին մեղադրանքը։ Ալումյանը նաև պնդել էր, թե «Հայկական ժամանակի» վճռում Եվրադատարանը չի եզրահանգել, որ 2008-ին Հայաստանի կառավարությունը շեղվել է Եվրոպական կոնվենցիայից, երբ սահմանափակել է քաղաքացիների իրավունքները Երևանում։

Փաստաբան Հայկ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյան

«Գործով մեղադրանքի մեջ գրված էր, որ իրավունք չունի նախագահը, իրավունք չունի, քանի որ Սահմանադրությամբ ուներ, բայց օրենք չկար, էստեղ ուղիղ հերքվում է։ Եվրոպական դատարանը ասում ա՝ ուներ, քանի դեռ օրենքը չկար, ուներ, ու անորոշ ձևով նախագահին էդ լիազորությունը տրված էր՝ գործել՝ ելնելով ստեղծված իրավիճակի լրջությունից։ Եվ էդ իրավիճակի լրջության մասին. կառավարությունը ասում ա, որ իրավիճակը էնպիսին է, որ ազգի կյանքին վտանգ է սպառնում։ Ու [ՄԻԵԴ-ի վճիռը] ասում ա՝ դիմողը անկհայտորեն չի վիճարկել էդ հանգամանքը», - հավելեց Ալումյանը։

Գլխավոր դատախազությունն իր հերթին ընդգծում է. այն, որ Քոչարյանն ու մյուսներն արդարացվել են Սահմանադրական դատարանի որոշման հիմքով, չի նշանակում, որ տարիներ առաջ նրանք թույլ տված խախտումների համար չպետք է կրեն պատասխանատվություն։

Արդարացման որոշումից հետո գլխավոր դատախազությունը բազմիցս է հայտարարել՝ պաշտոնաթող նախագահին և նրա նախկին ենթականերին պետք է նոր մեղադրանք առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, բայց առանց Սահմանադրական դատարանի նոր որոշման իրենք նման լիազորություն այժմ չունեն։

Բաղդասարյանն ասաց, որ հոկտեմբերի 15-ին վերաքննիչում շարունակվող դատական նիստում հայտարարություն կանի այս մասին. - «Այլ բան է, որ մեր խնդիրը դատավարական արգելքն է, որը հաղթահարելու համար մեր պատճառաբանություններից մեկը տուժողի իրավունքների պաշտպանությունն է, և Եվրոպական դատարանը տուժողների իրավունքների խախտումը շատ հստակ է արձանագրել»։

Եվրադատարանն առաջին անգամը չէ, որ տասը մարդու մահվան պատճառ դարձած մարտյան հետընտրական արյունալի իրադարձությունների մասին իր վճիռներում հերքել է Հայաստանի նախկին կառավարության պնդումները դրանց խաղաղ չլինելու մասին: Վերջին վճռում, օրինակ, գրել են. «Դատարանն արդեն քննել է Ազատության հրապարակում բողոքի ակցիաների և 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան այնտեղ իրականացված ոստիկանական գործողության հանգամանքները և պարզել է՝ չեն եղել ապացույցներ` ենթադրելու համար, որ ցուցարարներին զենքեր են բաժանվել այդ օրը՝ խռովություններ հրահրելու համար»։

XS
SM
MD
LG