Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն կաշառքի գործով մեղադրվող նախկին նախագահի և նրա աշխատակազմի ղեկավարի դատավարությունն այսօր անցավ լարված մթնոլորտում։
Դատավորը հարցրեց՝ ընդունո՞ւմ է մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանը բացասական պատասխան տվեց ու կրկին պնդեց՝ իրեն անհասկանալի է մեղադրանքը. - «Ինձ համար հասկանալի չի նաև, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, քանի որ լիցենզիայի վաճառքը այն ժամանակվա օրենսդրությամբ չէր ենթադրում որևէ պետական ակտ, որևէ որոշում, չի ենթադրում, որ որևէ պետական պաշտոնյա պետք է տա համաձայնություն»։
Նախկին նախագահը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից իր մտերիմ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Մեղադրող կողմը պնդում է, որ Քոչարյանը այդ կաշառքը վերցրել է գործարար Սիլվա Համբարձումյանին հանքարդյունաբերական ոլորտում արտոնություններ տալու դիմաց։
Նախկին նախագահը կարծում է, որ այս մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա, և այն քաղաքական պատվերի դասական օրինակ է։ Եվ քանի որ Մարտի 1-ի գործով գույքային վնաս չէր սահմանվում, ապա կաշառք ստանալու հոդվածն առաջադրել են իրեն նման պարտավորության առջև կանգնեցնելու համար։
Մեղքը չընդունող և իրեն առաջադրված մեղադրանքը անհասկանալի համարող Քոչարյանը վկայակոչեց իր օրոք գործող Սահմանադրությունը և հայտարարեց՝ ինչո՞ւ են իրեն առաջադրել մի մեղադրանք, որը չի առնչվում նախագահի լիազորություններին, և հետևաբար պարզ չէ, թե իր որ լիազորություններն է չարաշահել։
Քոչարյանի փաստաբաներն անցած նիստերից մեկում դատարանին խնդրել էին կասեցնել այս գործը և դիմել Սահմանադրական դատարան՝ դատավորին հնարավորություն տալու առավել մանրամասն պարզաբանել մեղադրանքը, քանի որ նման իրավունք չկա։ Դատավորը մերժել էր այս միջնորդությունը։
Այսօր արդեն, երբ Աննա Դանիբեկյանը ամբաստանյալներին հարցնում էր՝ պա՞րզ է մեղադրանքը, ոչ միայն բացասական պատասխան էր ստանում, այլև դիմադրության հանդիպեց, երբ հայտարարեց, թե անցնում է ապացույցների հետազոտման կարգը սահմանելու փուլ։
Ռոբերտ Քոչարյանի նախկին ենթակա, այժմ նրա առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը փորձում էր պարզաբանումներ ստանալ. - «Նախ պարզաբանեք մեղադրանքի մեջ նշված «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ» ձևակերպումը ում է վերաբերում, այլ կերպ ասած՝ կոնկրետ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը գնում։ Եվ երկրորդը, խնդրում եմ պարզաբանել նաև, թե մեղադրանքի մեջ նշված «Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ» ձևակերպումը նույնպես ում է վերաբերում։ Այլ կերպ ասած՝ Սիլվա Համբարձումյանը կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց է մտադրվել կաշառք տալ»։
Դատավորը, սակայն, վերստին տեղեկացնելով, որ թե ինքը չի կարող պարզաբանել մեղադրանքը, խոսքը փոխանցեց դատախազներին։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պնդեց՝ չեն պատրաստվում մեղադրանքը քննարկել այս փուլում, երբ դեռ չի էլ սկսվել ապացույցների հետազոտումը. - «Ե'վ Արմեն Գևորգյանի հարցադրումները, և' մի քիչ առաջ նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցված հարցադրումները ցույց են տալիս մի բան՝ էստեղ ոչ թե մեղադրանքը հասկանալի չլինելու, այլ հերքելու մասին է խոսքը։ Մենք չենք պատրաստվում մեղադրանքի քննարկում իրականացնել, փոխանակվել փաստարկներով մեղադրանքը հասկանալի լինելու-չլինելու հարցի շրջանակներում։ Հարցեր են բարձրացվում, որոնք դատական քննության կամ ապացույցների հետազոտման արդյունքում ձևավորելու են հետևություններ, հետևությունները կհնչեցվեն համապատասխան դատավարական փուլում»։
Ստեղծված իրավիճակը զայրացրեց Գևորգյանի փաստաբանին, որը լքեց նիստերի դահլիճը, ինչից հետո դատարանը որոշեց 50 հազար դրամով տուգանել փաստաբան Լուսինե Սահակյանին։
Հաջորդ դատական նիստը մարտի 29-ին է։