Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008-ի հետընտրական իրադարձություններին առնչվող Եվրոպական դատարանի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի։
Մի խումբ փաստաբաններ կարծում են, որ այս վճիռը կարող է հիմք դառնալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդում սկսելու համար, պաշտոնաթող նախագահի պաշտպանները հակառակը՝ կարծում են՝ դատարանի վճիռը պաշտպանում է Քոչարյանի գործողությունները։
Հայաստանի դեմ կայացրած վերջին վճռով ստրասբուրգյան դատարանը եզրահանգել է, որ 2008-ի արյունալի դեպքերի ժամանակ խախտվել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահայտվելու ազատության և արդար դատաքննության իրավունքները։ Այս գործի առանցքում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրն է, որի հետևանքով «Հայկական ժամանակը» չէր հրատարակվում՝ մյուս լրատվամիջոցների պես։
«Հայկական ժամանակ»-ին Եվրադատարանում ներկայացրած փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ինչպես նաև մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այս վճռից եզրահանգել են՝ Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդումների։
«Վճիռն այն մասին է, որ 2008 թվականի արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը խախտել է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ սահմանված ինչպես մեր Սահմանադրությամբ, այնպես էլ կոնվենցիայով: Հետևաբար, սրա համար այդ հրամանագրի պատասխանատու պաշտոնյան և պաշտոնյանները պետք է կրեն համապատասխան հետևանքներ», - ասաց Եգորյանը:
Քոչարյանի փաստաբանն այլ կերպ է մեկնաբանում Եվրադատարանի վճիռը
Եվրոպական դատարանի վճիռը հակառակը մեկնաբանող Հայկ Ալումյանն, իր հերթին, պնդում է՝ ստրասբուրգյան դատարանը նման եզրահանգման չի եկել:
«Ես տեսնում եմ այսպիսի անհեթեթ իրավիճակ՝ երբ որ ես դատ եմ տալիս, պայմանականորեն ասած, ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ինքս իմ շահերից բխող մի հայց ներկայացնում եմ ձեր դեմ ու նաև մյուս կողմից հանդես եմ գալիս հայցով, մյուս կողմից էլ որպես ձեր ներկայացուցիչ փաստաբան, հիմա այս դատավարությունը ինչքան էլ փայլուն դատարան լինի, շանս ունի՞ լինել համոզիչ և հարցեր չե՞ն առաջացնելու: Հիմա այսօր մենք ունենք այդ իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը և արդեն 3,5 տարի է ինքն այդ գործով համ դիմողն է, համ էլ պետության ներկայացուցիչը, ով պետք է առարկի», - ասաց Ալումյանը:
Սահմանադրական դատարանը ապրիլին անվավեր և հակասահմանադրական որակեց Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, ինչից հետո Քոչարյանն արդարացվեց։
Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցնում է, որ Քոչարյանի մեղադրանքի հիմքում ընկած էր 21 օրով մայրաքաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը, և պնդում՝ Եվրադատարանը եզրահանգել է, որ նախագահը կարող էր առանց օրենքի արտակարգ դրության մասին ռեժիմ սահմանել, և եթե կարող էր, ապա դա արդեն օրինական է։
«Դատարանը հստակ ասում է՝ չկան այնպիսի ապացույցներ, որոնք դատարանին կհամոզեն, որ արտակարգ դրության մասին հրամանագիրը անհրաժեշտ էր»
Այնինչ Եգորյանը հակադարձելով՝ ուշադրություն է դարձնում դատարանի հետևյալ ձևակերպման վրա. «Դատարանը հստակ ասում է, որ չկան այնպիսի ապացույցներ, որոնք դատարանին կհամոզեն, որ արտակարգ դրության մասին հրամանագիրը անհրաժեշտ էր, որ հավաքները չեն եղել խաղաղ և այլն: Այսինքն դատարանը ֆիքսում է ամենը»:
Եվրադատարանն առաջին անգամը չէ, որ մարտյան արյունալի իրադարձությունների մասին իր վճիռներում հերքել է Հայաստանի նախկին կառավարության պնդումները դրանց խաղաղ չլինելու մասին: Այս վճռում դատարանը գրում է. «Դատարանն արդեն քննել է Ազատության հրապարակում բողոքի ակցիաների և 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան այնտեղ իրականացված ոստիկանական գործողության հանգամանքները և պարզել է՝ չեն եղել ապացույցներ` ենթադրելու համար, որ ցուցարարներին զենքեր են բաժանվել այդ օրը՝ խռովություններ հրահրելու համար»։
Ավելի քան 12 տարի տևած դատաքննությունից հետո եվրոպական ատյանը որոշել է՝ Հայաստանում Եվրոպական կոնվենցիայից շեղումները այդ օրերին արդարացված չեն եղել։ Հակադարձելով Հայաստանի նախկին կառավարությանը, թե 2008-ի մարտի 1-ին Երևանում վիճակը կարելի էր որակել արտակարգ՝ Եվրադատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի վճռում ընդգծել է՝ «չեն եղել բավարար ապացույցներ՝ հավաքների բնույթի մասին եզրահանգումներ անելու համար։ Ավելին՝ չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ 2008-ի մարտի 1-ի 10 մահվան դեպքերը կապ ունեն ցուցարարների գործողությունների հետ»։
Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ»-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը, Ալումյանը նկատում է՝ Եվրադատարանը գրել է, որ կառավարությունը չի ներկայացրել փաստեր այն մասին, որ թերթում այդ օրերին տպագրվելիք հոդվածները պարունակել են ատելության խոսք կամ երկրի անվտանգությանը սպառնացող տվյալներ, դրա համար էլ դատարանը ճանաչել է լրատվամիջոցի իրավունքների խախտումները։
Եգորյանը, մինչդեռ, այս հարցում ևս տարակարծիք է. «Ֆիքսում է, որ բոլոր այն սահմանափակումները խոսքի ազատության, որոնք կիրառվել են հրամանագրով արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, անհրաժեշտ չեն եղել և հետևաբար, իրավաչափ չեն եղել»:
Եվրոպական դատարանի վճիռն ուսումնասիրող դատախազությունը առաջիկայում դիրքորոշում կհայտնի գործի ու իր հետագա քայլերի վերաբերյալ։