Մատչելիության հղումներ

Դատախազը միջնորդեց բեկանել Մարտի 1-ի գործով Քոչարյանին արդարացնելու որոշումը


Գլխավոր դատախազի տեղակալն այսօր վերաքննիչ դատարանում ներկայացրեց դատախազության բողոքը՝ խնդրելով բեկանել Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան նոր քննության։

Մարտի 1-ի գործով տուժողներն ու գլխավոր դատախազությունը վիճարկում են Հայաստանի երկրորդ նախագահին և նրա նախկին ենթականերին արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումը։ Քոչարյանն ու մյուսներն այսօր դատարան չէին եկել։

«Միջնորդում եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել, քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության», - ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը կրկին պնդեց դատախազության դիրքորոշումը՝ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով արդարացված Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների արարքները չեն դադարել գոյություն ունենալ, նրանց պետք է մեղադրանք առաջադրել պաշտոնական լիազորություններն անցնելու համար։

«Սահմանադրական դատարանի որոշման նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ի թիվս այլ ամբաստանյալների, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել էր մեր դիրքորոշման համաձայն և որը նկարագրված է մեղադրանքներում: Այդ արարքները, այդ նկարագրությամբ ընդհուպ կարող են որակվել և պետք է որակվեին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով», - նշեց նա:

Ծավալուն միջնորդության մեջ գլխավոր դատախազի տեղակալը շեշտադրեց նաև տուժողների իրավունքների հարցը։ Շուրջ երկու տարի քննելով այս գործը՝ ապրիլին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել էր այն՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։

Բարձր դատարանն անվավեր և հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին ու մյուսներին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։

Այժմ առաջին ատյանի դատարանը քննում է միայն գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված կաշառքի գործը, որով մեղադրյալ են նախկին նախագահն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավարը։

Մեղադրող դատախազը պնդեց՝ նախկին նախագահին և մյուսներին արդարացնելու որոշումից հետո անտեսվում են Մարտի 1-ի տուժողների իրավունքները։ Այս էր պատճառը, որ մեղադրյալներին արդարացնելուց հետո դատախազությունը թե՛ առաջին, և թե՛ վերաքննիչ դատարաններին խնդրել է կասեցնել գործը և դիմել Սահմանադրական դատարան։ Գլխավոր դատախազի տեղակալն ավելի վաղ վկայակոչել էր օրենքի որոշ դրույթներ, որով Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո գործն, այսպես ասած, պետք է փակվի, բայց դրանով ակնհայտորեն վտանգվում են տուժողների իրավունքները։ Առաջին ատյանի դատարանը, ինչպես նաև վերաքննիչը հետաձգել են այս միջնորդության քննարկումը, հիշեցրեց դատախազը։

«Ոտնահարվել են գործով տուժողների հիմնարար իրավունքները և խախտվել է արդարադատության բուն էությունը», - նշեց Գևորգ Բաղդասարյանը:

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այսօր չներկայացրեց իր բողոքը՝ մեկ այլ դատական նիստ ունենալու պատճառով բացակայելու թույլտվություն խնդրեց։ Բացի այս երկու բողոքներից, վերաքննիչը պետք է քննի նաև Քոչարյանի պաշտպանների բողոքը, որով նրանք պահանջում են կա՛մ նվազեցնել Քոչարյանի գրավի չափը, կա՛մ վերացնել գրավի կիրառումը։

Պաշտոնաթող նախագահն ավելի քան մեկ տարի առաջ ազատ էր արձակվել կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Այն ժամանակ դատարանը եզրահանգել էր, որ գրավը ի զորու է նվազեցնել գործի քննության վրա ազդելու ռիսկը։ Նրան արդարացնելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը ուժի մեջ էր թողել գրավով ազատ արձակելու այդ որոշումը, հիշեցրեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա վկայակոչեց դատավոր Դանիբեկյանի եզրահանգումը, թե դեռևս կա վտանգ, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանն ու ազդել գործով անցնող անձանց վրա։ Դատավորը նկատի էր ունեցել կաշառքի գործը։

«Եթե հիմք ընդունենք նախկինում դատավորի ունեցած դիրքորոշումը, կարող ենք փաստել, որ քրեական գործի մեկ մեղադրանքի վերաբերյալ կարճելը և գործի ծավալի և վկաների մեծ մասի «հեռացումը» էականորեն հեշտացրել է պետության հնարավորությունը հետևելու գործի պատշաճ քննությանը՝ չսահմանափակելով անձի իրավունքը: Սակավ թվով մասնակիցների պարագայում միանշանակ մեծանում է պետության հնարավորությունը պատշաճ հսկողություն իրականացնելու հարցում», - ասաց Խուդոյանը:

Փաստաբանները հայտարարեցին՝ կաշառքի գործով անցնում է 8 քաղաքացի, իսկ Մարտի 1-ի գործով անցնող անձանց թիվը մի քանի անգամ ավելի է՝ ավելի քան 100 տուժող և 868 վկա. «Ըստ դատարանի, գրավի չափը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել դատավարությանը մասնակցող անձանց քանակից»:

Այսօր դատարանը վերացրեց Մարտի 1-ի գործով արդարացված, 2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը։

Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 15-ին է։

XS
SM
MD
LG