Հայաստանը միաժամանակ դիմել է և՛ Մարդու իրավունքների եվրոպական, և Արդարադատության միջազգային դատարաններ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, որն արդեն երեք շաբաթից ավելի է թույլ չի տալիս վերականգնել Արցախում գազամատակարարումը և սպառնում է տեղի խաղաղ բնակչությանը։
Երեկ Եվրադատարան ուղարկած դիմումում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը խնդրում է անհապաղ պարտավորեցնել Բաքվին դադարեցնել սպառնալիքները և վերականգնել բնական գազի մատակարարումը։ Նույնաբովանդակ մի դիմում էլ այսօր ուղարկվել է ՄԱԿ-ի դատարան։
Երկու դատարաններում 44-օրյա պատերազմին առնչվող մեծածավալ գանգատներ կան, որոնց քննությունն ընթացքի մեջ է։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ ՄԱԿ-ի դատարանը հայկական կողմի գանգատը կկցի հիմնական գործին, իսկ Եվրոպական դատարանը երեք տարբերակ ունի՝ կա'մ կմերժի Երևանի դիմումը, ինչը քիչ հավանական է, կա'մ կկասեցնի դիմումի քննությունը և կդիմի Բաքվին՝ ապացույցներ ստանալու, կա'մ էլ միանգամից հրատապ միջոց կկիրառի։ Այս գործընթացը կարող է մի քանի օր տևել։ Ղազարյանը հավանական է համարում, որ Ստրասբուրգի դատարանը բավարարի հայկական կողմի դիմումը։
«Նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որոշակի գործողություններից։ Ասենք, օրինակ՝ մուղամները որ միացնում են, հոգեբանական ազդեցությունը, կամ սպառնալիքները, կամ դպրոցների ուղղությամբ կրակոցները։ Գազի մատակարարման այս արգելքը նույնպես հաստատ կբարձրացվի, որովհետև սա կենսապահովման միջոց է։ Առնվազն գոնե անմարդկային վերաբերմունքի խնդիրներ կարող է բարձրացնել։ Ասենք, մարդիկ, ովքեր շատ խոցելի են, օրինակ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող, կամ հաշմանդամություն ունեցող անձինք», - նշեց Ղազարյանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի փոխանցմամբ, Ստրասբուրգ ներկայացրել են կոնկրետ ապացույցներ, թե ինչպես են փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը սպառնալիքներ հնչեցնում խաղաղ բնակչությանը, պահանջում լքել բնակավայրը։ Բացի այս դրվագից, հայկական կողմն իր դիմումում նաև ապացույցներ է ներկայացրել այս ամիս ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչության, նաև դպրոցների ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Մարտի 8-ից վնասված էր Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրեց գազամատակարարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ուղղակի փակել է գազի փականը, նպատակն է՝ անհնար դարձնել արցախցիների կյանքը սեփական հայրենիքում. Փաշինյան«Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ամբողջ բնակչությունը, հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի», - Եվրադատարանին ուղարկած դիմումում գրել է Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ այս ոտնձգությունները որակելով սպառնալիք Արցախի ողջ բնակչության համար։
«Ադրբեջանի իշխանությունները սրանով վտանգում են Արցախի բնակչության՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները և պարունակում են անդառնալի կորստի սպառնալիք», - միջազգային դատարաններին գրել է պաշտոնական Երևանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի գործողությունները վկայում են, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրըՄիջազգային իրավունքի մասնագետ Ղազարյանի կարծիքով, ընդդեմ Ադրբեջանի հրատապ միջոց կիրառելուց հետո Բաքուն չի կարող դրանք արհամարհել, այլ հարց է, որ դրանից հետո կրկին նույն վարքագիծը կդրսևորի. - «Ինքը եթե որոշումը կայացրեց, Ադրբեջանը երբեք չի հայտարարի, որ ես չեմ կատարում։ Էդ դեպքում ինքը պիտի հեռանա Եվրոպայի խորհրդից։ Բայց Ադրբեջանը հաստատ դա չի անի։ Ադրբեջանը մանևրելու է, այսինքն՝ իմատացիա է անելու կատարման. որոշակի ժամանակով դադարեցնում է, հետո նորից է սկսում, նորից է դադարեցնում։ Այսինքն՝ հիբրիդային եղանակով ոնց որ պատերազմ ա վարում, այդպես էլ հիբրիդային եղանակով սահմանային բախումներ է հրահրում։ Նույն հիբրիդային եղանակով ինքը նաև կարող է խախտել համայնքի իրավունքները, հետո նորից ձեռնպահ մնալ խախտելուց, նորից դիմի նման գործողությունների»։
Փորձագետի խոսքով, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտության հարցը, հայկական կողմը ստիպված կլինի հաճախակի դիմել դիմել միջազգային իրավական ատյաններին, մեծ հաշվով, սակայն, այս բոլոր հարցերը ռազմաքաղաքական լուծում են պահանջում։