Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ գնահատականներ հնչեցրեց Արցախում երկու շաբաթից ավելի ձգվող գազի խնդրի մասին. - «Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին»։
Փաշինյանը շեշտեց՝ Արցախի գազատարը պայթեցվել էր մարտի 7-ին՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող տարածքում։ Օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս վերանորոգել խողողովակը։ Միայն մարտի 16 -ին հայտարարվեց, թե բանակցությունները արդյունք են տվել, և Ադրբեջանը կվերանորոգի վնասված հատվածը։ Սակայն վերանորոգումից մի քանի օր անց Արցախը դարձյալ զրկվեց գազից։ Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը այժմ էլ փական է դրել գազատարի վրա։
Հայաստանի վարչապետը շեշտեց՝ այս քայլով Ադրբեջանը ապացուցում է, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը։ Գազամատակարարման դադարեցումը տեղի է ունեցել եղանակային բացառիկ խիստ պայմաններում։ Այս ամենը, ըստ Փաշինյանի, միջազգային հանրության համար Արցախի հիմնախնդրի դիպուկ նկարագրություն է. - «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»:
Փաշինյանը անդրադարձավ նաև այս պայմաններում խաղաղ դարաշրջան բացելու իշխանությունների ռազմավարությանը և դրա շուրջ հնչող քննադատությանը։ Պնդեց՝ այդ քաղաքականությունը այլընտրանք չունի. - «Իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը»:
Վարչապետը նաև ուղիղ կապ է տեսնում Ադրբեջանի ուղարկած հինգ առաջարկների և Արցախում ստեղծաված հումանիտար ճգնաժամի մեջ. - «Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»:
Բաքուն Երևանին առաջարկել էր, մասնավորապես՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել տրանսպորտային ուղիները։
Վարչապետը վերահաստատեց՝ այս առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխանցված Հայաստանի պատասխանը ամբողջացրել է դրանք։ Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագրի բանակցություններին, վերստին հայտարարեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև իշխանության պատասխանի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած քննադատությանը, մեջբերումներ արեց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարություններից. - «Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ»:
Փաշինյանն ընդգծեց նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը, հիշեցրեց սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որտեղ կողմնորոշիչ պետք է լիներ խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը. - «Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»:
Ապա Փաշինյանը դիմեց հանրությանը, ասաց՝ ամբողջ աշխարհում է սոցիալական բարդ վիճակ, շատ երկրների համեմատ Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է։ Առանց վիճակագրական տվյալների հղում անելու և առանց ապրանքատեսակների անուններ հնչեցնելու, ասաց, որ Հայաստանում էժանացումներ կան։
Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն, սակայն, օրինակ, այս տարվա փետրվարին, անցած տարվա փետրվարի համեմատ, սննդամթերքի գներն աճել են ավելի քան 11 տոկոսով, ընդ որում, որոշ սննդատեսակներ ռեկորդային են թանկացել ՝ ընդհուպ մինչև 70 տոկոսով։
«Մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ», - կառավարության նիստում այսօր հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նաև բացատրեց, թե ինչու չեն բարձրացնում կենսաթոշակները, և ինչու են բարձրացնում իրավապահ կառույցների աշխատավարձերը. - «Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը»:
Վերջում Փաշինյանն արձանագրեց՝ Հայաստանը գտնվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, բայց կոչ արեց չհուսահատվել. - «Ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»։