Մատչելիության հղումներ

Իշխանությունը «հստակ պատասխաններ է ակնկալում» ռուսական կողմից` Արցախի իրադարձությունների առնչությամբ


Արցախում Ասկերանի շրջանի այդ տարածքները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին, «հետևաբար հստակ պատասխան ենք ակնկալում Ռուսաստանից», այս մասին այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` հստակեցնելով` այս պահին Ադրբեջանի թիկունքում են հայտնվել Փառուխ գյուղը ու շրջակա դիրքերը։

«Պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի այս առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն` շրջանցել են նրանց, և սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և հետևաբար մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ», - ասաց Աղաջանյանը:

Նրանից լրագրողները հետաքրքրվեցին` եթե հայական կողմը դժգոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից, քննարկվո՞ւմ է արդյոք Արցախում այլ՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը:

«Սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունն այդ նշված վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում, և մենք կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել», - պատասխանեց Աղաջանյանը:

Ապա հենց նա բարձրաձայնեց հարցադրումներն այն մասին, որ սա կարող է լինել խաղաղապահների և ադրբեջանցիների պայմանավորվածության արդյունք, ու շարունակեց՝ հանրության մոտ նման կասկածները կարող են փարատվել ռուսական կողմի այնպիսի գործողությունների արդյունքում, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կվերադառնան ելման դիրքեր. «Դրա արդյունքում, կարծում եմ, որ մեր հանրության նաև ընկալումները կփոխվեն, և նշածս այդ կասկածները կամ մտավախությունները կփարատվեն: Ինչ վերաբերում է այլընտրանքային մեխանիզմների ներդրման հնարավորությանը, մենք չենք կարծում, որ մեր ռուս գործընկերների հետ մեր այս կոնկրետ համատեքստում համագործակցելու հնարավորությունները սպառված են»:

Այսօր Ազգային ժողովում էր նաև Արցախի ՊԲ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Քարագլուխ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքի շրջակայքից շրջակայքից և՛ հայկական, և՛ ադրբեջանական ուժերի հետքաշման պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ մեկ շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, սակայն պայմանավորվածությունը կատարել է միայն հայկական կողմը. «Դրանով պահանջելու եք դուք, պետք է պահանջեք հայկական կողմը, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով դիրքերը հանել ենք: Ունենալ բանակ, ուրիշ ոչ մի բան չես կարա անես»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանը այս պայմանավորվածության մանրամասներից տեղյակ չէր. «Պարոն Բաբայանի նշած տեղերի հետ կապված, թերևս, այդքան ինֆորմացված չեմ, բայց ընդհանուր իրավիճակը ես կարող եմ ներկայացնել հետևյալ կերպ, որ հաճախ տարբեր տեղերում, տարբեր դիրքերում երբ դիրքերը իրար շատ մոտ են լինում տեղ-տեղ, կամ որոշակի տեղերում, որ սադրանքները կամ սադրանքների հավանականությունն աճում է, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, նախաձեռնությամբ տեղի են ունենում որոշակի լոկալ վերադիրքավորումներ, որի արդյունքում այդ լարվածությունը կնվազի»:

Արցախում ստեղծված իրավիճակը Միրզոյանը քննարկել է ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

Արցախում ստեղծված իրավիճակը այսօր արտգործանախարար Արարատ Միրզոյանը քննարկել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ։ Պետքարտուղարության Եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոն Թվիթերում կատարած գրառմամբ հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ խոսել միմյանց հետ։

Աղաջանյանն այսօր հայտարարեց՝ Երևանի և Բաքվի միջև ուղիղ հաղորդակցման ձևաչափեր եղել են և այսօր էլ կան, բայց դրանք էական արդյունք չեն տալիս. «Որոշ գերատեսչությունների ղեկավարների նաև տեղում հանդիպումներ են ունենում և այլն, բայց գործնականում դա որևէ բան չի փոխում»:

Ստեղծված իրավիճակին այսօր անդրադարձել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու հայտարարել, թե սա խաղաղության դարարշրջանի արդյունքն է. «Հարցրեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին»:

Իշխող խմբակցության պատգամավորն այսօր վերստին հայտարարեց՝ իշխանության հայտարարած խաղաղության դարաշրջանը այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն իր քայլերով փորձում է շեղել Հայաստանին այդ օրակարգից։

XS
SM
MD
LG