Այսօր կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են «Bayraktar» անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Նրանք են Դավիթ Ռոբերտի Միրզոյանը, Իշխան Սերժիկի Օհանյանը և Արարատ Վագիֆի Թևոսյանը:
14 հոգի ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Արցախի իշխանությունները նկատում են, որ ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել լուծել հիմնական խնդիրը, կառավարությանը կից Տեղեկատվական շտաբը հաղորդում է. - «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում»:
Արցախի իշխանությունները հույս են հայտնում, որ «ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»:
Պաշտոնական աղբյուրները առավոտյան էին հաստատել տեղեկությունը, որ Ադրբեջանի զինված ուժերը, երեկ ներխուժելով Արցախ, գրավել էին Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, իսկ գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել նաև հարվածային ԱԹՍ։ Ըստ արցախյան աղբյուրի, ադբեջանական կողմն ունի 5 զոհ, ինչը Բաքուն հերքում է։
Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը պատմեց, որ ներխուժումը երեկ ցերեկվա ժամերին է եղել։ Ավելի ուշ ադրբեջանական ուժերը, ըստ գյուղապետի, հասել են մինչև Քարագլուխ բարձունք. - «Փառուխն իրենց ձեռն ա, բարձունքն էլ վերցրել են... Մենք ստեղից հեռադիտակով նայում ենք, սաղ իրանք են կանգնած»։
Կարևոր նշանակություն ունեցող այս բարձունքի մասին պաշտոնական տեղեկություններում հիշատակում չկա։
Պաշտոնական Երևանը իր հերթին ևս հիշեցնում է, որ ադբեջանական ուժերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի այդ ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
Մինչև ներխուժումը Փառուխում մարդիկ ապրում էին սովորականի նման, ասում է գյուղապետը, որի ղեկավարած գյուղն ունի 22 տուն։ Ներխուժումից առաջ կանայք ու երեխաները, իսկ ներխուժման օրը նաև տղամարդիկ հեռացել են Փառուխից՝ այնտեղ թողնելով իրենց տները, ավտոմեքենաները, անասունը։
Գյուղապետը պատմում է, որ ադբեջանցի զինվորականները եկել են մեծ խմբով՝ զենք-զինամթերքով, տարբեր հատվածներից մտել են գյուղ։ «Ազատության» հարցին, թե որտե՞ղ էին այդ ժամանակ խաղաղապահները, գյուղապետը պատասխանեց, որ գյուղում են եղել. - «Տարբեր ուղղություններով, մի քանի հատվածներով մտել են գյուղ։ Խաղաղապահները գյուղում են եղել, գյուղի մեջ են եղել, որ իրանք մտել են։ Մի ուղղության վրա գնացել են, մինչև բանակցել են, տարբեր ուղղություններով մտել են գյուղ»։
«Ազատության» հետ զրույցի ընթացքում Վարդան Միքայելյանը հարևան Խրամորթ գյուղում էր, որն արդեն մեկ ամիս է կրակոցներից բացի ենթարկվում էր նաև հոգեբանական ճնշումների, երբ ադրբեջանական կողմը բարձրախոսով խրամոթցիներին կարգադրում էր հեռանալ գյուղից։ Լարված իրավիճակը ստիպեց գյուղից գնալ միայն կանանց և երեխաներին։
Գյուղի բնակիչ Նաիրա Աբրահամյանի խոսքով, իր ընտանիքն այժմ Ստեփանակերտում է, որտեղ էլ գազ չկա, դժվար է խնամել 8 օրական թոռնիկին. - «Երկու տաքացուցիչ ենք միացնում, էլ արդեն էդ հոսանքները չեն դիմանում»։
Տղամարդիկ Խրամորթում են, այլ նորություններ Նաիրա Աբրահամյանը չուներ։
Ռուսական խաղաղապահ առաքելության պաշտոնական էջում այսօր ոչինչ չի հաղորդվել Ղարաբաղի զարգացումների մասին։ Հայտնի է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն այսօր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է «Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները»։ Երեկ էլ նա Հայաստանի պաշտպանության նախարարի հետ էր խոսել Ղարաբաղում իրավիճակի մասին։
Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է թե՛ ընդհարման և թե՛ ադրբեջանական զոհերի մասին հայկական կողմի հաղորդումը՝ այն որակելով «տեղեկատվական սադրանք», և վստահեցնելով, թե «առանց ուժի կիրառման շարունակում են դիրքերի և տեղակայման վայրերի ճշգրտումը»։