Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը, ըստ ԱԳՆ-ի, շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։
Միրզոյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունների, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերի մասին:
Ադրբեջանի զինուժը երեկ Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։
Բացի այդ, մարտի 21-ից գազամատակարարումը Արցախում վերստին դադարեցված է։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: