Ադրբեջանը հետապնդում է ինչպես տակտիկական, այնպես էլ ռազմավարական նպատակներ և փորձում է օգտագործել հարմար իրավիճակն՝ այդ նպատակներին հասնելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ խոսելով Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերում ստեղծված վիճակից։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է վերահսկողություն հաստատել առնվազն Խրամորթի և Փառուխի, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի՝ Քարագլուխի նկատմամբ, ասաց քաղաքագետը՝ նկատելով՝ որպես ավելի երկրարաժամկետ ռազմավարական նպատակ Արցախի ամբողջական հայաթափումն է։
«Մարդկանց ահաբեկել, բռնի միջոցներով տեղահանել, արհեստական անհարմարություններ ստեղծել, որպեսզի հայ բնակչությունը լքի այդ տարածքը», - ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում 44-օրյա պատերազմից հետո, հաստատված նոր իրավիճակը փոխելուն ուղղված քայլե՞ր են, քաղաքագետը պատասխանեց․ - «Դժվար է ասել արդյոք դա ստատուս քվոն գլոբալ առումով փոխելու քայլեր են, բայց էն, որ Ադրբեջանը փորձում է այդ ստատուս քվոն իր համար ավելի բարենպաստ դարձնել, ակնհայտ է»։
Խոսելով ռուս խաղաղապահների դերից՝ քաղաքագետը նկատեց՝ որևէ արդյունավետություն չկա և դա լուրջ խնդիր է։ «Որովհետև, եթե ռուս խաղաղապահները հանձն են առնում որոշակի տարածքի անվտանգությունն ապահովելու, արդյունքում այդ տարածքը հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, դա անընդունելի է», - եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։