Պենտագոն․ Ռուսները դեռ ոչ մի քայլ չեն արել Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար

Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգն աննախադեպ լարվածություն է առաջացրել ոչ միայն այդ երկու նախկին խորհրդային պետությունների, այլև Ռուսաստանի և ամբողջ Արևմուտքի հարաբերություններում:

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ներկայացրած պահանջները մերժվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մերժել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները

Ռուսներն Ուկրաինայի սահմանի մոտ ունեն շուրջ 100 հազարի հասնող զորախումբ, բացի այդ՝ մոտ 30 հազարն այս պահին տեղակայված են Բելառուսում, որտեղ իբր համատեղ զորախաղեր են: Իսկ թե քանի տասնյակ հազար «կանաչ մարդ» կամ կամավոր կա բուն Դոնբասի տարածքում՝ ստույգ հայտնի չէ: Ի՞նչ կլինի, եթե այդ հզոր ուժը գործի դրվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել 30 հազար զինծառայող և արդիական սպառազինություն․ Ստոլտենբերգ

Արևմուտքը սպառնացել է աննախադեպ խիստ պատժամիջոցներով: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի զինվորի առաջ չի դրվի Ուկրաինան պաշտպանելու առաջադրանք: Նույնն էլ ՆԱՏՕ-ի մասին ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը հավելյալ զինվորներ է ուղարկում Գերմանիա և ԼեհաստանՆԱՏՕ-ն մարտական ուժեր չի ուղարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խնդրին անդրադարձել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին:

Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահը հստակ ասել է, որ Ուկրաինա ռուսների նոր ներխուժման պարագայում ամերիկյան զորքը մարտական գործողությունների չի մասնակցի:

«Բայց մենք նաև ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները հարգում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի պահանջը: Մենք տարբեր եղանակներով ամրացնում ենք ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը և ապացուցում ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ում ստանձնած պարտավորություններին», - ասել է Քըրբին:

Նրա խոսքով՝ հնարավոր գործողությունների տարբերակներից մի քանիսը չեն բացառում ամերիկյան զինուժի տեղաշարժը նույնիսկ հավանական ներխուժումից առաջ, և այդ նպատակով էլ ամերիկյան ուժերն արդեն սկսել են տեղափոխվել Եվրոպա:

«Դե իսկ եթե Պուտինը ներխուժի Ուկրաինա, վստահաբար կլինեն պատժամիջոցներ ու ծանր հետևանքներ», - ասել է Պենտագոնի խոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «չի նահանջի» Վաշինգտոնի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով

Փետրվարի 16-17-ը Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հավաքը: Ջոն Քըրբին հաստատել է, որ նախարար Լլոյդ Օսթինը կմասնակցի հավաքին: Նախարարները, բնականաբար, կխոսեն Ուկրաինայի մասին, քանի որ դա է այսօր հրատապ թեման:

Ռուսները հավաստիացնում են, որ Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունեն, բայց և հզոր բանակ են մոտեցնում այդ երկրի սահմանին:

«Ուզում են ապացուցե՞լ, որ ագրեսիվ նպատակ չունեն՝ լավագույն միջոցն է հետ քաշել և տուն ուղարկել այս 100 հազար զինծառայողներին», - ասել է Քըրբին:

Ամերիկան և դաշնակիցները կշարունակեն օգնել Ուկրաինային, արդեն այդ երկիր է ուղարկվել զինամթերք, հանդերձանք, սարքավորումներ, մարտական և ոչ մարտական նշանակության արտադրանք, և այդ առաքումները կշարունակվեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը շարունակում է աջակցություն ցուցաբերել Կիևին անվտանգության ոլորտում

Արդյո՞ք այս ընթացքում ռուսների կողմից չեն եղել հզոր ուժը նվազեցնելու, դեէսկալացիայի դիմելու մասին վկայող քայլեր: «Ամերիկայի ձայն»-ի այդ հարցին Ջոն Քըրբին բացասական պատասխան է տվել:

«Ոչ, նույնիսկ այս օրերին նրանք շարունակում, են հզորացնել Ուկրաինայի սահմանին մոտեցրած, ինչպես նաև Բելառուս ուղարկած ուժերը: Դրանք միայն ցամաքային ուժեր չեն՝ այնտեղ կա ավիացիա, հրթիռներ, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, էսկալացիան շարունակվում է», - ասել է Պենտագոնի խոսնակը:

Մոսկվան պնդում է, թե Վաշինգտոնը և Բրյուսելը պետք է հստակ խոստանան, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ դա այսպես կոչված «կարմիր գիծ» է, և եթե այդ ու մյուս պահանջները չկատարվեն, Ռուսաստանը կդիմի ռազմական բաղադրիչներ ենթադրող պատասխանի:

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մերժել են պահանջները, սակայն ընդգծել են, որ պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ բանակցույունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ի վերջո արձագանքեց Վաշինգտոնից ստացված նամակին