Շուրջ մեկ շաբաթ շարունակված լռությունից հետոո Ռուսաստանի նախագահը երեկ ի վերջո արձագանքեց Վաշինգտոնից ստացված նամակին, որում Միացյալ Նահանգները ներկայացրել է Արևմուտքի պատասխանը Կրեմլի առաջ քաշած պահանջներին։
Նամակի բովանդակության մասին Պուտինը ոչինչ չասաց, բայց կրկնեց իր պահանջը՝ Ուկրաինան չպետք է ընդունվի ՆԱՏՕ, քանի որ «Կիևը ցանկանում է վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով»։ «Ուկրաինայի դոկտրինում ասվում է, որ նրանք ցանկանում են վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով: Եկեք պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան սկսում է գործողություններ Ղրիմում, ես չեմ խոսում Դոնբասի մասին: Սա Ռուսաստանի ինքնիշխան տարածքն է, մենք ի՞նչ, կռվե՞նք ՆԱՏՕ-ի դաշինքի հետ, ինչ-որ մեկը մտածե՞լ է այս մասին։ Կարծես թե ոչ», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։
Հունգարիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում Պուտինը նաև պնդեց, թե Արևմուտքի պատասխանը «համարժեք կերպով հաշվի չի առել Ռուսաստանի երեք հիմնական պահանջները՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխարգելումը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքի համակարգերի տեղակայման մերժումը և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դրությանը»։
Մոսկվան մասնավորապես պահանջում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հանի իր ռազմական ենթակառուցվածքները Բուլղարիայից և Ռումինիայից, պնդելով, թե դրանք սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը։
Վաշինգտոնը այս պահանջների պատասխանը գրավոր նամակով Ռուսաստանի արտգործնախարարությանն էր փոխանցել մեկ շաբաթ առաջ։ Բուն փաստաթուղթը չէր հրապարակվել, սակայն պետքատուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է․ - «Պուտինն ունի այդ նամակը, և մենք սպասում ենք նրա արձագանքին։ Հարցն այն է, թե որ ճանապարհը կընտրի Պուտինը՝ կառուցողական ճանապարհ դեպի հավաքական անվտանգությո՞ւն, թե՞ նոր ագրեսիա Ուկրաինայի դեմ։ Մենք պատրաստ ենք երկուսին էլ»։
Ռուսաստանի նախագահը, սակայն, երեկ այդպես էլ չհստակեցրեց՝ այս ճանապարհներից որն է ընտրելու, պարզապես պնդեց, որ ամերիկյան պատասխանն իրեն չի գոհացրել, կրկին բողոքեց, թե Հյուսիսատլանտյան դաշինքը խաբել է՝ խոստացել են չընդլայնվել դեպի Ռուսաստան, բայց խոստումը չեն պահել։ Այսօր, Պուտինի խոսքով, ՆԱՏՕ-ի հրթիռներն Արևելյան Եվրոպայում են, մասնավորապես՝ Ռումինիայում, և այդ հրթիռները շատ հանգիստ կարող են ծածկել Ռուսաստանի տարածքի մի մեծ հատված։ Մոսկվան մտավախություն ունի, որ այդ բազաներում կարող են տեղակայվել ոչ միայն հակահրթիռային համակարգեր, այլև Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք հարմար են միջուկային մարտագլխիկներ օգտագործելու համար, ասաց Պուտինը:
Այսօր արդեն ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ Ռուսաստանին դիտարկել Ռումինիայում և Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի բազաներում տեղակայված հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ վարչակազմը Կրեմլին տեղեկացրել է ռուս տեսուչներին բազաներ թողնելու պատրաստակամության մասին: Այդ համաձայնությունը կարող է ձեռք բերվել դաշնակիցների՝ հատկապես Լեհաստանի և Ռումինիայի հետ քննարկումներից հետո, ընդգծում է Bloomberg-ի աղբյուրներից մեկը, հավելելով՝ ի պատասխան՝ ԱՄՆ-ը կպահանջի նմանատիպ տեղեկություններ թևավոր հրթիռներով ռուսական որոշ բազաների վերաբերյալ։
Իսպանական El País պարբերականն էլ այսօր հայտնել է, որ իրեն հասանելի են դարձել գաղտնի փաստաթղթերը, որոնք պարունակում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ տեքստերը վերաբերում են մինչ օրս արդեն հրապարակված տեղեկություններին։ Խոսքը, մասնավորապես, այն առաջարկների մասին է, որոնք վերաբերում են միջուկային զենքի սահմանափակման և զորավարժությունների մասշտաբների շուրջ համաձայնություններին։ Բացի այդ, ըստ հրապարակված լուսապատճենների, որոնց իսկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։