Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում միանշանակ համաձայն են՝ քանի որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին դեռևս չի աշխատել այնպես, ինչպես սպասում էին Արևմուտքում, եկել է ժամանակը «սկսելու ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը»՝ Ռուսաստանի սպառնալիքի հետ կապված։ Այդ մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին՝ ներառյալ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրները, շարունակում է «պատրաստվել ռուսական հետագա ագրեսիայի հնարավորությանը»։
Նեդ Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն «աննախադեպ» աջակցություն է ցուցաբերել անվտանգության ոլորտում «մեր ուկրաինացի գործընկերներին»։ Բացի այդ, վարչակազմն արագացված թույլտվություն է տրամադրել մերձբալթյան դաշնակիցներին և Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու համար։