Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մերժել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները


ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին է փոխանցել ԱՄՆ-ի պատասխանը, Մոսկվա, 26 հունվարի, 2022թ.
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին է փոխանցել ԱՄՆ-ի պատասխանը, Մոսկվա, 26 հունվարի, 2022թ.

Այնուամենայնիվ Արևմուտքը պատրաստ է շարունակել երկխոսությունը ռուսների հետ:

«Չեմ տեսնում որևէ բան, որը թույլ կտա ենթադրել, թե փաստաթղթերն իրական չեն»

Երեկ իսպանական El Pais պարբերականը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ներկայացված են որպես ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների պատասխաններ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած պահանջներին:

Ակնհայտ է, որ դա տեղեկատվական արտահոսք է, թեպետ դժվար է հստակ ասել, թե կողմերից որ մեկն է դա նախաձեռնել:

Արդյոք փաստաթղթերն իրակա՞ն են: Արձագանքելով այդ հարցին, Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե «դրանցում չեմ տեսնում որևէ բան, որը թույլ կտա ենթադրել, թե փաստաթղթերն իսկական չեն»:

Արևմուտքը ոչ միայն մերժել է ռուսների պահանջներն, այլև իր կողմից է պահանջներ ներկայացրել:

Ոչ թե քննարկման թեմա, այլ վերջնագիր Արևմուտքին

Մոսկվան 2021-ի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին փոխանցել է պայմանագրերի նախագծեր, որոնց առանցքային դրույթները հետևյալն են՝ արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդարձակումը բացառելու համար երաշխավորել, որ դաշինքին չեն անդամակցի Ուկրաինան և այլ երկրներ (այստեղ խոսքը Վրաստանի մասին է), հեռացնել ռազմական ենթակառուցվածքը Հյուսիսատլանտյան դաշինքին 1997 թվականից հետո միացած երկրներից, դադարեցնել ցանկացած ակտիվություն Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի սահմանների մոտ չտեղակայել հարվածային սպառազեն:

Նախագծերում եղել են նաև կարևոր մի շարք այլ դրույթներ: Ընդ որում՝ ռուսները նկատել են տվել, որ պահանջները վերանայման ենթակա չեն, ինչի կապակցությամբ Արևմուտքում արձագանքել են, թե «դրանք ոչ թե քննարկվելիք առաջարկներ են, այլ վերջնագիր»:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը լավատեսություն չի ներշնչում»

Այդ հարցերի շուրջ հունվարի 10-ին Ժնևում բանակցել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Ուենդի Շերմանը և Սերգեյ Ռյաբկովը, հունվարի 12-ին Բրյուսելում գումարվել է ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստը և հունվարի 13-ին Վիեննայում քննարկումները շարունակվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդում:

Արևմուտքը խոստացել է գրավոր պատասխան ներկայացնել ռուսներին: Հունվարի 26-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Սալիվանն այցելել է արտաքին գերատեսչություն և հանձնել է պաշտոնական պատասխանը, որի կապակցությամբ ռուսները հաջորդ օրն ասել են, թե «այն լավատեսություն չի ներշնչում»:

«Ռուսաստանը դավաճանել է իրական արժեքներին»

Ի՞նչ են Կրեմլին ասում է Բրյուսելը և Վաշինգտոնը: Ահա ՆԱՏՕ-ի արձագանքը՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և Ռուսաստանի համար սպառնալիք չի հանդիսանում: ՆԱՏՕ-ն Եվրատլանտյան տարածաշրջանում ձգտում է խաղաղության, կայունության և անվտանգության և սատարում է ամբողջական, ազատ ու միասնական Եվրոպային:

Կոնֆլիկտները պետք է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով: Հաշվի առնելով Ուկրաինայում և այդ երկրի սահմանների մոտ, ինչպես նաև Բելառուսում ռուսական ուժերի հետևողական և անհիմն կուտակումը, ՆԱՏՕ-ն վերահաստատում է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ղրիմը ներառյալ, և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ թուլացնել լարվածությունը:

ՆԱՏՕ-ն հավատարիմ է Եվրոպայի անվտանգության հիմքը հանդիսացող սկզբունքներին և համաձայնագրերին: «Ցավում ենք, որ Ռուսաստանը դավաճանել է իրական արժեքներին, սկզբունքներին և պարտավորություններին, որոնք նպաստել են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հիմքին ու զարգացմանը»,- ասվում է պատասխանում:

ՆԱՏՕ-ի անդամները կարծում են, որ Եվրատլանտյան անվտանգության ամրապնդման լավագույն միջոցը՝ հանուն ընդհանուր բարօրության, բոլոր երկրների հավատարմությունն է ՄԱԿ-ի Կանոնադրությանը, միջազգային աշխարհակարգին և փաստաթղթերի մի ամբողջությանը, որը երկրները ժամանակին ստորագրել են։ Դրանք են՝ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, 1990 թվականի Փարիզի խարտիան և 1999 թվականի Եվրոպայի անվտանգության Ստամբուլի խարտիան: Ռուսաստանը հավասար պատասխանատվություն է կրում այդ փաստաթղթերի կատարման համար։

«Հեռացե՛ք Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից»

Եվ աստեղ ՆԱՏՕ-ի պատասխանում կա սկզբունքային ու ռուսների համար ոչ հաճելի դրույթ՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում «դուրս հանել զորամիավորումներն Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից»:

Խոսքը Ղրիմի, Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի մասին է, իսկ փակագծերում վստահ կա նաև Դոնբասը:

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուասաստանի հետ կառուցողական հարաբերություններին, «եթե Ռուսաստանի գործուղությունները դա հնարավոր դարձնեն»:

«Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության ծավալումից հրաժարումը մեծապես կնպաստի առաջընթացին»:

«Հարձակումը մեկի վրա կնշանակի հարձակում բոլորի վրա»

ՆԱՏՕ-ն բաց է բոլոր երկրների համար: ՆԱՏՕ-ն վերահաստատում է հավատարմությունը հիմնադրման պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի հարձակումը դաշնակիցներից մեկի վրա կնշանակի հարձակում բոլորի վրա: ՆԱՏՕ-ն այդ դեպքում կձեռնարկի դաշնակցին պաշտպանելու բոլոր անհրաժեշտ միջոցները:

«Միացյալ Նահանգներն իր արժեքները և պարտավորությունները չի ուրանա»

Ահա շատ համառոտ Միացյալ Նահանգների արձագանքը՝ ԱՄՆ-ը պատրաստ է դաշնակիցների հետ համատեղ շարունակել Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու աշխատանքը և քննարկել երկու կողմերի մոտ մտահոգություններ առաջացնող հարցերը:

Դա կարող է իրագործվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարական կայունության երկխոսության շրջանակներում, ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդում և ԵԱՀԿ-ում: Այդ քննարկումներում հնարավոր է անդրադառնալ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և դաշնակիցների մտահոգություններին:

Միացյալ Նահանգները միանշանակ հավատարիմ է ՆԱՏՕ-ի բաց դռների սկզբունքին: Միացյալ Նահանգները բարեխղճորեն ներգրավվել է Եվրատլանտյան անվտանգության գործընթացում, մինչդեռ Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմը, հրահրել է Դոնբասի հակամարտությունը և հիմա ավելի քան 100 հազարի հասնող բանակ է մոտեցրել Ուկրաինայի սահմանին:

Ռուսաստանի կողմից ներկայացրած պահանջներում կան դրույթներ, որոնք խարխլում են հենց Ռուսաստանի ընդունած սկզբունքները: Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել անվտանգության անբաժանելիության հարցը:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում ինտեգրված, կոլեկտիվ, հավասար և անբաժանելի անվտանգության փոխհամաձայնեցված հայեցակարգին, ինչն արտահայտված է Աստանայում 2010 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ԱՄՆ և Ռուսաստանը վերահաստատել են անվտանգության ոլորտում դաշնակցային համաձայնագրեր ընտրելու կամ փոխելու յուրաքանչյուր պետության իրավունքը»,- ասվում է փաստաթղթում:

Միացյալ Նահանգները միջազգային իրավունքի շրջանակում այս գործընթացում իր արժեքները և պարտավորությունները չի ուրանա: Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն կշարունակեն մտահոգություն հայտնել Եվրատլանտյան տարածքում անվտանգության ասպարեզում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ:

Առաջընթաց կլինի, եթե Ռուսաստանը դադարեցնի սպառնալ Ուկրաինային

ԱՄՆ պատրաստ է՝ Ուկրաինայի հետ խորհրդակցելով, Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում հարձակողական սպառազեն կամ զորամիավորումներ չտեղակայելու հնարավորությունն, ինչպես նաև զորավարժությունների, միջադեպերի կանխման, միջուկային զենքի կրճատման և ընդհանուր անվտանգության պահպանման համար անհրաժեշտ մնացած հարցերը:

Միաժամանակ ԱՄՆ ընդգծում է, որ այս հարցերում առաջընթացը հնարավոր է միայն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալից գործողությունների դադարեցման համատեքստում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG