Կրեմլին դեռ չի բավարարում ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի պահանջներին։ Այդ մասին հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրում է համաշխարհային անվտանգության հիմնարար սկզբունքները վերանայելու փորձի մեջ։ Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը դեռ հույս ունի շարունակել երկխոսությունը։
«Մենք ուշադիր վերլուծում ենք հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները։ Բայց արդեն պարզ է, և ես այդ մասին տեղեկացրել եմ [Հունգարիայի] վարչապետին, որ անտեսվել են Ռուսաստանի հիմնարար մտահոգությունները», - ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական լարվածության հարցը Ռուսաստանի նախագահը քննարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Կրեմլում կայացած բանակցություններում։
Օրբանը իր այցը Մոսկվա անվանել է «խաղաղության առաքելություն» և ասել, որ Եվրամիության երկրների բոլոր առաջնորդները կողմ են հակասությունների քաղաքական լուծմանը։